Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք պետք է որոշենք՝ շարունակո՞ւմ ենք մնալ միջազգային իզոլյացիայի մեջ՝ ՌԴ-ի հետ միասին, թե՞ ճեղքում այդ իզոլյացիան»․ Անդրիաս Ղուկասյան

Civic.am-ի զրուցակիցն այսօր «Հայ Կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանն է։

Ղուկասյանն այն կարծիքին է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը հաղթահարելու համար ընտրությունները անհրաժեշտություն են: Նշում է, որ այդպիսին է նաև հանրային կարծիքը։ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ քաղաքականությունը պետք է հենվի հանրային կարծիքի և տրամադրությունների վրա, իսկ հանրության մեծամասնությունը կողմ է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի։

Ղուկասյանը չի կարծում, թե ամբողջ Խորհրդարանը կոնսենսուսի կգա Ընտրական օրենսգրքի ռեյտինգային բաղադրիչի վերացման շուրջ, սակայն խոսքը սահմանադրական օրենքի մասին է, որը անցկացնելու համար «Իմ քայլը» խմբակցության քվեները բավարար չեն, հետևաբար պետք կգա կա՛մ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների, կա՛մ անկախ պատգամավորների քվեները, ու, ըստ այդմ, նախագահը այն չստորագրելու պատճառ չի ունենա։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, Ղուկասյանը հնարավոր համարեց, որ իրենց դեմ լինելու պատճառն այն է, որ ԼՀԿ-ում կարծում են, որ իրենց լիդերի ռեյտինգը բավարար չէ, որպեսզի դառնա շոգեքարշ իր թիմի համար, իսկ ռեյտինգային համակարգը լրացնում է դա, հնարավորություն է տալիս 13 ընտրատարածքներում ունենալ 4-5 հոգանոց թիմեր, որոնք կպայքարեն ձայների համար և լիդերի հեղինակության պակասը այդ կերպ կլրացնեն։

Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման» քայլերի, օրակարգի մասին, Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ այն նախընտրական դաշինք չէր։

«Նրանք ունեին խնդիր, և այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր, որը այս փուլում չստացվեց, նույնիսկ Գլխավոր շտաբի հայտարարության խաղաքարտը խաղացնելու պարագայում։ Իրենք երկիրը բերեցին ռազմական հեղաշրջման եզրին, որը չստացվեց։ Այդ մասով օրակարգը տապալվեց»,- նշեց Ղուկասյանը։ 

Մատնանշելով անցկացված հարցումները, Ղուկասյանն ասաց, որ հարցվածների 60 տոկոսը գտնում է՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գլխավորել կառավարությունը մինչև ընտրությունները։

«Այսինքն՝ այդ  մարդկանց կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հետևողական է լինելու և թույլ չի տալու, որ ընտրությունները կեղծվեն, ինչը չի վերաբերում Վազգեն Մանուկյանին։ Ի վերջո, ինչո՞ւ տապալվեց «Հայրենիքի փրկության շարժումը»։ Վազգեն Մանուկյանին որպես ժամանակավոր կառավարության ղեկավար հանրությունը չտեսավ, որովհետև ինքը երկար տարիներ եղել է Հանրային խորհրդի ղեկավար, երկար տարիներ համակերպվել է մեր երկրում ֆեյք ընտրություններին, և մարդիկ իր մեջ այդ սկզբունքայնությունը չեն տեսել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանը նշեց, որ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվեն ապագայով և կայացնեն որոշում՝ մենք շարունակո՞ւմ ենք մնալ միջազգային իզոլյացիայի մեջ՝ Ռուսաստանի հետ միասին, որի հետ ակնհայտ է, որ մեր շահերը չեն համընկնում, թե՞ պետք է փոխենք մեր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, ճեղքենք այդ իզոլյացիան և փորձենք աշխարհի հետ ստեղծել այլ հարաբերություններ։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ եթե այս ընտրություններին մասնակցի Ռոբերտ Քոչարյանը, ապա անխուսափելի է լինելու նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը։ «Այսինքն՝ դա լինելու է ընտրություն Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, և իհարկե դա հանրային ընկալման մեջ գլխավոր կերպարների տեսանկյունից լինելու է այն դասավորությունը, որ մնացած բոլոր կուսակցություններին տալիս է ընտրույթուն՝ կա՛մ դու մասնակցում ես այդ առճակատմանը, կա՛մ կարող ես, ենթադրենք, մանդարին բաժանել և համարես, որ մենք ինչ-որ մի բան անում ենք հաջորդ ընտրությունների համար, ոնց որ մեր «ՔՈ»-ի գործընկերները», - ասաց Ղուկասյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան