Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀԿ-ն ունի բազմաթիվ ՏԻՄ ներկայացուցիչներ, և ԸՕ-ով վարչական ռեսուրսի խիստ կանոնակարգումը նրանց էլ դուր չի գա»․ փորձագետ

«ՀՀԿ-ն ունի բազմաթիվ ՏԻՄ ներկայացուցիչներ, և ԸՕ-ով վարչական ռեսուրսի խիստ կանոնակարգումը նրանց էլ դուր չի գա»․ փորձագետ
Քաղաքականություն / Հայաստան
20:03, 26 март 2021
Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի փոփոխմանը՝ ասաց․ «Իշխանությունն իր հիմնական հանձնառությունը կատարում է, այն է՝ այդ արատավոր ռեյտինգային ընտրակարգից հրաժարում, և ես դա համարում եմ իրավամբ մեկ քայլ առաջ՝ ունենալու ավելի որակյալ խորհրդարանական ընտրություններ»։

Ըստ Խալաթյանի՝ ամբողջ աշխարհում ընտրությունների պրակտիկան ցույց է տալիս, որ, այսպես թե այնպես, որոշակի վարչական, բարեկամական, ընկերական կամ բիզնես ռեսուրսներ ընտրություններում օգտագործվում են։ Խնդիրը այստեղ այդ ռեսուրսների օգտագործումը հնարավորին չափ սահմանափակելն է։ 

«Ընդհանրապես, երբ ընտրական խաղի կանոնների շուրջ քաղաքական դաշտում ձևավորվում է համախոհություն՝ դա նպաստում է ընտրությունների քաղաքական լեգիտիմության բարձրացմանը։ Դրա համար առանցքային է, որ ընտրակարգի շուրջ լինի համաձայնություն քաղաքական հիմնական դերակատարների միջև», - ասաց նա։

Խալաթյանի հավաստմամբ՝ ընտրությունների որակի բարձրացման հիմնական խոչընդոտը այսօր ռեյտինգային ընտրակարգն է, որը մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակն է․ «Եթե քաղաքական ուժերը Ընտրական օրենսգրքի շուրջ գնում են կոնսուլտացիաների՝ պարզ է, որ յուրաքանչյուրը գնում է իր օրակարգով, և արդյունքը լինում է մի միջինացված տարբերակ, ու կողմերից յուրաքանչյուրը հրաժարվում է իր առավելագույնից՝ հանուն քաղաքական համախոհության»։ 

Հարցին, թե արդյոք ընտրակարգի փոփոխմամբ ընտրություններում կբացառվի՞ քաղաքական կոռուպցիայի և վարչական ռեսուրսների օգտագործումը, Խալաթյանը պատասխանեց․ «Ես պատկերացնում եմ, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կփորձի դիմադրել բարեգործության հետ կապված կանոնակարգումների խստացմանը։ Փոփոխությունների նախագծում կա վարչական ռեսուրսների կանոնակարգման խնդիր, որը, ես կարծում եմ, որոշ առումով կարող է նաև իշխող ուժին ձեռնտու չլինել։ Ինչու չէ՝ նաև ՀՀԿ-ն ունի բազմաթիվ ՏԻՄ ներկայացուցիչներ, և վարչական ռեսուրսի խիստ կանոնակարգումը նրանց էլ դուր չի գա»։ 

Փորձագետի խոսքով՝ նորմալ է, որ ընտրական խաղի կանոնների շուրջ նման բանակցություններ են տեղի ունենում, բայց կարևորն այն է, որ իշխանությունը իր հիմնական հանձնառությունը կատարում է։

«Այն է՝ այդ արատավոր ռեյտինգային ընտրակարգից հրաժարում, և ես դա համարում եմ իրավամբ մեկ քայլ առաջ՝ ունենալու ավելի որակյալ խորհրդարանական ընտրություններ, որը կնպաստի կուսակցությունների կայացմանը։ Քաղաքացիները կընտրեն ոչ թե անձի, այլ որոշակի կուսակցական ծրագրի օգտին կքվեարկեն»,- հավելեց նա։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ենթադրում բաց համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալու ԼՀԿ-ի առաջարկը, ասաց․ «Փակ ցուցակ նշանակում է, որ կուսակցությունները հանդես են գալիս իրենց ցուցակներով, և դա հրապարակվում է ԿԸՀ կայքում։ Բաց ցուցակը ենթադրում է, որ քաղաքացին, երբ գնում է քվեարկության, իրեն տալիս են ոչ միայն կուսակցությունների անունները, այլ նաև կուսակցության ցուցակի բոլոր անդամների անունները, և ինքն է ընտրում այդ ցուցակից ում նախընտրում է»։ 

Գեղամ Ադյան