Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշենը «դատարկելու» ու «հանձնելու» մասին կեղծ լուրը

Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշենը «դատարկելու» ու «հանձնելու» մասին կեղծ լուրը
Քաղաքականություն
16:57, 05 февраль 2021
Արարատի մարզպետարանն անդարադարձել է այսօր «ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկությանը, թե իբր «մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաեւ առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը» և թե «լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի»:

«Տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ»,-գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Մարզպետարանը լրատվամիջոցին խնդրել է նաև «այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»: