Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում բոյկոտել ռուսաց լեզուն. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը

Արցախում բոյկոտել ռուսաց լեզուն. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը
Քաղաքականություն
22:52, 26 март 2021
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հայաստանի Հանրապետության մաս կազմող Արցախը զավթելուց և կիսելուց հետո սկսվել է հայկական ժառանգության և ինքնության յուրացումն ու ոչնչացումը։

Թուրք-ադրբեջանական զավթման գոտում, որի հայ բնակչությունը սպանվել, գերեվարվել կամ փախուստի է մատնվել, զանգվածաբար քանդվում կամ յուրացվում են հայկական ժառանգության նմուշները։

Ռուսական զավթման գոտում, որտեղ կա հայ բնակչություն, տեղի դավաճան քաղաքական վերնախավի միջոցով մեկնարկել է հայ ինքնության հիմքի ու առանցքի՝ հայոց լեզվի, ստորադասման ու դուրսմղման գործընթաց։

Որպես առաջին քայլ, Արցախի այսպես կոչված Ազգային ժողովը երեկ՝ մարտի 25-ին, օրենք է ընդունել ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով, որ Արցախը ժամանակավորապես զավթված է և նրա տարածքի վրա փաստացի չի գործում Հայաստանի Հանրապետության իրավազորությունը, արցախցի մեր հայրենակիցներին կոչ ենք անում ինքնակազմակերպվել և ամեն կերպով բոյկոտել ռուսերենը որպես պաշտոնական լեզու կիրառելու բոլոր միջոցառումները։

Արցախցի մեր հայրենակիցները խորապես ըմբռնում են, որ այսօր Արցախի հողի վրա ապրելը և հայոց լեզուն ու հայ ինքնությունը պահպանելը ճակատագրական նշանակություն ունեն ազգի և նրա պետականության համար, ուստի ամեն գնով կատարում են իրենց այդ առաքելությունը։ 
Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի տևելու, զավթիչները մաքրվելու են Արցախից, իսկ ազգային դավաճանները պատասխան են տալու օրենքի և պատմության առաջ։