Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ Սերժ Սարգսյանը գոռում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նա շատ լավ գիտեր, թե ինչ բանակցային ժառանգություն է թողել․ Արուսյակ Ջուլհակյան

«Ներկայիս ընդդիմությունը սկսել է հայտարարել, որ մենք հանձնում ենք հայրենիքը դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո: Այսինքն՝ այն պահից, երբ նրանք կորցրին իշխանությունը հայտնի պայմաններում և ժողովրդի մասնակցության շնորհիվ վերջապես երկրում ձևավորվեց իշխանություն՝ ի դեմս մեզ, այդ պահից սկսած սկսեցին այդ թեզն առաջ տանել, այն է, որ նոր իշխանությունները, որոնք ժողովրդի միջոցով եկել են իշխանության, հանձնում են հայրենիքը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։      
 
 Նա նշեց, որ ցանկանում է հիշեցնել, որ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, երբ Սերժ Սարգսյանի դատավարությունն էր տեղի ունենում, նա դատարանի բակում բղավում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և բոլորը ծիծաղում էին, մտածելով, որ «Սերժ Սարգսյանը գժվել է, ինչ է, որ դատավարության շրջանակներում որոշել է գոռալ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», սակայն պատերազմից հետո միայն հասկացան, որ այդ մարդը գոռում էր շատ պարզ պատճառով, որովհետև շատ լավ գիտեր, թե ինչ բանակցային ժառանգություն է թողել։

 «Ընդ որում, չեմ պնդի, որ իր մեղավորությամբ էր այդ բանակցային ժառանգությունը, փաստն եմ ընդամենը արձանագրում, թե ինչ բանակցային ժառանգություն է մեզ թողել և գիտի, թե ինչ է սպասվում Հայաստանին և Արցախին, դրա համար նա կանգնել էր և այդպես ինքնամոռաց գոռում էր։ Եվ հետևաբար, խոսել այն մասին, որ իշխանություններն այստեղ կապ ունեն և ինչ-որ բան են պատրաստվում հանձնել, ազնիվ չէ, և ժողովուրդն այդ մասին գիտի, և դա ապացուցվել է խորհրդարանական ընտրություններով»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։   
 
 Խոսելով նաև սահմանազատման հանձնաժողովի հանդիպման մասին, պատգամավորն ասաց, որ պետք է կարևորել այդ հանդիպումը, դա պատմական հանդիպում է, և առհասարակ, այս օրերին տեղի են ունենում պատմական նշանակության իրադարձություններ, այն առումով, որ այն շատ աղոտ հույսը, որ տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, հենց այսպիսի ձևաչափերի և այսպիսի հանդիպումների միջոցով է, որ կարող է հնարավոր դառնալ։

 Նրա խոսքով՝ սա շատ կարևոր գործընթաց է և հիստերիկ վանկարկումներով այդ գործընթացի վրա ստվեր նետել փորձելը,   համարում է հակապետական։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Լիլիթ Թադևոսյան