Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարսափել ու կատաղել են՝ 3-4 մլն-ի առանձնատները պետությանը կդառնան, կզրկվեն հարստության 70-80%-ից․ 214 գործ կա․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

-Պարո՛ն Ասլանյան, վարչապետը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ ռեյտինգայինը դուրս կգա։ Ինչո՞ւ չեք միանգամից ընդունում նոր Ընտրական օրենսգիրքը․ քաղաքական ուժերի մեծ մասը կողմ է դրան։

-Այստեղ մի փոքրիկ բան կա՝ եթե ամբողջ Ընտրական օրենսգրքին վերաբերվեր․․․ այն մշակվել է, առաջին ընթերցմամբ ընդունվել է, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և հիմա մենք պատասխանի ենք սպասում։ Բայց նաև մի փոքրիկ հարց կա՝ եթե ամբողջ օրենսգրքի հարցը դրվեր, ապա մենք պետք է ստիպված լինեինք սպասել, Վենետիկի հանձնաժողովից գալուց հետո դա առնվազն պիտի ուղարկվեր ԿԸՀ, և դրանից վեց ամիս հետո այդ Ընտրական օրենսգրքով անցկացվեին ընտրություններ, իսկ դա արդեն կարող էր հասնել նոյեմբեր-դեկտեմբեր։ Այդ դեպքում արդեն ընդդիմադիր դաշտը կսկսեր ուրիշ բան խոսել, թե տեսեք՝ դիտավորյալ այսպես կամ այնպես են անում։ Իսկ մասնակի փոփոխություններով մենք գնում ենք կոնսենսուսի այն համաձայնությամբ, որ ասում ենք՝ սիրելիներս, եթե դուք ուզում եք, այս մի փոքրիկ փոփոխությունն արագորեն կանենք և միասին կգնանք ընտրության։

-Բայց ինչպես ասում են՝ սատանան թաքնված է մանրուքներում․ կա քննադատություն, որ չեք ընդունում նոր օրենսգիրքը, որպեսզի՝ վարչական ռեսուրսներն ազատորեն կիրառեք, քանի որ նոր օրենսգրքով խստացում է լինելու այս մասով, որպեսզի ֆինանսական ծախսերը պակաս հսկվեն, նորով էլի խստացում է նախատեսվում թափանցիկության հաշվին։ Այդպես չէ՞։

-Ճիշտ հակառակը՝ այդ բոլորն ինչ-որ կա, ավելի ձեռնտու է ընդդիմադիրներին, քան մեզ։ Ի՞նչ է նշանակում վարչական ռեսուրսներն օգտագործել։

-Օրինակ՝ վարչական ռեսուրսի կիրառում է, երբ իշխանական մարզպետը հրահանգում է ենթականերին քվեարկել հօգուտ ձեզ կամ երբ նա այդպիսի հրահանգ է իջեցնում համայնքապետերին։

-Եթե դա ինչ-որ ձևով ասվելու է, կասվի առանց դրա, եթե չի ասվելու, ևս չի ասվի առանց դրա։ Այսինքն՝ դա որևէ էական նշանակություն չունի։ Չի խստացվում, ոչ մի բան էլ այնտեղ չկա։ Իրականում հակառակը՝ մենք շատ ավելի թեթևացրել ենք։ Մենք ուզում էինք ամբողջությամբ նորը լիներ, ինչո՞ւ, որովհետև այդ դեպքում մենք անցողիկ շեմն էինք իջեցրել, ինչն ավելի շատ ձեռնտու էր նոր ձևավորվող ուժերին։ Բոլոր դեպքերում՝ մենք պահպանելու ենք ժողովրդավարության իրական սկզբունքները։ Այն բոլոր մեղադրանքները, թե դա մենք այսպես թե այնպես պետք է օգտագործենք, ես չեմ ընդունում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։