Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան
Քաղաքականություն
12:45, 27 май 2022
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար», հավելեց նա:

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա: