Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես պատգամավորը, այնպես էլ ցանկացած քաղաքացի հավասար են․ եթե կատարում են իրավախախտում, պետք է կրեն պատասխանատվություն․ փաստաբան

«Երբ որևէ հանրահավաք է լինում, այնտեղ պետք է լինի ժողովրդի կամքը և շահը, իսկ եթե դա չկա, ցանկացած նման միջոցառում պետք է նայել՝ արդյոք այնտեղ խախտումներ կատարվո՞ւմ են, թե՞ չէ: Եթե այդ տեսակետից նայենք, ապա եթե փորձում են ներխուժել հատուկ պահպանվող պետական և ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, բնականաբար իրավապահները պետք է ոչ միայն հնարավորինս  պաշտպանեն, այլև թույլ չտան, որպեսզի դա տեղի ունենա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը՝ մեկնաբանելով երեկ Կառավարության 3-րդ մասնաշենք ընդդիմադիրների ներխուժումը։
 
Նա նաև նշեց, որ լինում են հատուկենտ դեպքեր, երբ իրավապահ համակարգի ներկայացուցիչների նյարդերն էլ կարող են տեղի տալ, և նրանք որոշակի առումով իրենց լիազորություններից դուրս գան, դա բացառված չէ, սակայն ոստիկանության ցանկացած աշխատող պետք է հասկանա, որ իր ուսադիրները ցանկացած պարագայում շատ ավելի բարձր են, և այստեղ նրանք չպետք է սովորական քաղաքացու նման դատեն։

«Այդ առումով, իմ կարծիքով, ոստիկանության գործողությունները համաչափության առումով շատ համաչափ են և իրավաչափ։ Օրինակ՝ ոստիկանը քաղաքացուն, որն ապօրինի գործողություն է  կատարել, չպետք է հարվածի, նրան կարող են վնասազերծել, եթե վտանգ են տեսնում և՛ իրենց կյանքի, և՛ պետական հատուկ պահպանվող օբյեկտի նկատմամբ։ Դրա համար կա իրավական հատուկ կարգավորում, կան պարտականություններ, որոնք պետք է իրականացնեն։ Կա նաև հակառակ իրավիճակը, երբ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ թեև ոստիկանը պետք է վարվեր այսպես՝ մեր մտածելակերպով, սակայն ոչ միայն ավելի մեղմ է վարվում, այլև ավելին՝ իր մեղմությունը բերում է նրան, որ ավելի մեծ վտանգ է սպառնում։ Օրինակ՝ ինչո՞ւ քաղաքացիական անձինք պետք է ներխուժեին նախարարությունների շենք»,- ասաց փաստաբանը։   

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանը զենք կամ հատուկ միջոց կարող է  կիրառել, եթե այդ ժամանակ այլ իրավիճակային լուծում հնարավոր չէ տալ, դա կարելի է նույնացնել ծայրահեղ անհրաժեշտության հետ, և  եթե ոստիկանությունը առանց հատուկ միջոց կիրառելու կարողացել է վնասազերծել քաղաքացիներին, բնականաբար դա լրիվ թույլատրելի է։  

Գևորգ Դավթյանը նշեց, որ ոստիկանին հայհոյելը, ասեղով ծակելն իր մեջ պարունակում է ինչպես վարչական, այնպես էլ  քրեաիրավական իրավախախտումներ, դրանք նաև սպառնալիքներ են, դրանք նաև վիրավորանքներ են, որն օրենքը կարգավորում է, հետևաբար որևէ մեկը դա չի կարող արդարացնել, առավել ևս համազգեստավոր անձի նկատմամբ, երբ նրա գործողությունները որևէ անձի կյանքին վտանգ չեն սպառնում, իսկ ոստիկանի նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք պետք է բացահայտվեն և օրենքի տառին համապատասխան պատասխանատվություն կրեն։     

«Իմ կարծիքով՝ այս օրերին  ոստիկանության գործողությունները առավել քան ժողովրդավար են և շատ ավելի ոստիկանին հարիր են, քան թե նախկինում, երբ օգտագործում էին ջրցան մեքենաներ, մահակներ։ Այս իրավիճակում ոստիկանները շատ ավելի իրենց լիազորությունների սահմաններում են, քան մենք նախկինում ականատես ենք եղել»,- ասաց Գևորգ Դավթյանը։    

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորներն ակցիաներին տեղի ունեցող քաշքշուկների ժամանակ հիշեցնում են իրենց անձեռնմխելիությունը, փաստաբանն ասաց. «Անձեռնմխելիություն չի նշանակում խտրականություն, անձեռնմխելիություն չի նշանակում հավասարության խախտում, այսինքն՝ ինչպես պատգամավորը, այնպես էլ ցանկացած քաղաքացի՝ ոչ պաշտոնյա, հավասար են, և եթե կատարվում է մի իրավախախտում՝ լինի քաղաքացիաիրավական, թե քրեաիրավական, բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է կրեն պատասխանատվություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան