Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն Ուկրաինային հեռահար HIMARS հրթիռային համակարգեր կտա, բայց կխնդրի չկրակել Ռուսաստանի վրա

ԱՄՆ-ն Ուկրաինային հեռահար HIMARS հրթիռային համակարգեր կտա, բայց կխնդրի չկրակել Ռուսաստանի վրա
Քաղաքականություն / Աշխարհ
20:27, 01 июнь 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի HIMARS ռեակտիվ հրթիռահրետանային համակարգեր, որոնք ճշգրտությամբ և հեռահարությամբ գերազանցում են Ուկրաինայում ռուսական բանակի կողմից օգտագործվող համակարգերին։ Սակայն Բայդենի վարչակազմը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դրանք չպետք է օգտագործի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ։

Նախագահ Ջո Բայդենը New York Times-ում հրապարակված հոդվածում պարզաբանել է իր խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի այնպիսի հրթիռներ, որոնք «կարող են Ռուսաստանի վերջը տալ»: 

Բայդենը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերին, իր որոշմամբ, կփոխանցվեն «ավելի բարձր տեխնոլոգիական հրթիռային համակարգեր, որոնք թույլ կտան մարտերի ժամանակ առավել ճշգրիտ հարվածել Ուկրաինայի տարածքում գտնվող առանցքային թիրախներին»։

Ըստ Washington Post-ի աղբյուրի՝ խոսքը մինչև 70 կմ հեռահարությամբ HIMARS շարժական հրթիռային կայանի մասին է։ Կարելի է ենթադրել, որ կմատակարարվեն GMLRS հրթիռներ։ AFP-ի աղբյուրը նշում է, որ հրթիռների հեռահարությունը 80 կմ է:

ԱՄՆ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով թերթի հետ զրույցում հաստատել են, որ ուկրաինական կողմն իրենց երաշխիքներ է տվել, որ չեն կրակի Ռուսաստանի տարածքում թիրախների վրա։ Նույնը հայտնել են Agence France-Presse-ի աղբյուրները։
HIMARS համակարգերը, ըստ ԱՄՆ կառավարության, պետք է օգնեն Ուկրաինայի զինված ուժերին ռուսական հրետանին ջախջախելու հարցում, իսկ քաղաքային շրջաններում, օրինակ՝ Սևերոդոնեցկում, հրթիռները կարող են օգտագործվել կենդանի ուժի վրա ճշգրիտ հարվածներ հասցնելու համար: