Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ էլի, շեֆ, մի քիչ էլ խաղամ. ՀՅԴ-ն պատրաստ է մինչև վերջ փողոցներում մաշվել և մաշեցնել շարժումը, իսկ մյուսները ստիպված են վճարել դրա համար

Լավ էլի, շեֆ, մի քիչ էլ խաղամ. ՀՅԴ-ն պատրաստ է մինչև վերջ փողոցներում մաշվել և մաշեցնել շարժումը, իսկ մյուսները ստիպված են վճարել դրա համար
Քաղաքականություն / Հայաստան
20:40, 01 июнь 2022
Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի հրապարակում վրանային ճամբար տեղադրած ընդդիմության շարքերում անհամաձայնություն կա՝ մասնավորապես՝ լիդերության և շարժման մարտավարության հարցում։

Շարժման խոսափողը չզիջող ՀՅԴ-ն ստվերել է մյուս ուժերին, որոնք ներդրումներ են ունեցել շարժման մեջ։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում մարդանց գիշեր-ցերեկ պահելը, ցույցերին, փողոց փակելու օպերացիաներին ներգրավվելը, մշակութային գործիչները, փաստաբանական ծառայությունները լուրջ ներդրում են պահանջում։

Պատահական չէ, որ գործում ներգրավվել են նաև օլիգարխներն ու նրանց զավակները՝ Լիսկայի և Սաշիկի տղաները։ Ու չնայած այս ամենին, տեսանելի արդյունքը չկա ու չկա։ 

Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել էր, որ ընդդիմությունը առաջիկա շաբաթներին կհայտարարի թայմաութի մասին։ «Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։ Ներկայում շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների և կատարվելիք քայլերի մասին։ Առաջին փուլում, երբ շարժման ձևերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, Սաղաթելյանն ասել է. թողեք՝ ես որոշեմ, վստահեք ինձ, օգնեք ինձ»,- գրել էր կայքը։ 

Սրան Դաշնակցությունից պատասխանել էր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ «Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները և գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որևէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետևաբար բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետքայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3-ը շատ կարևոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խոր հիասթափություն է սպասվում»,- ասել էր Իշխան Սաղաթելյանը։
Լուրը մեկնաբանել էր նաև ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ դա հիմար և անհեթեթ լուր է, և Հանրապետականից չի կարող նման առաջարկ լինել։ «Հավը իր երազում կորեկ է տեսնում։ Մենք վճռական ենք, պայքարելու ենք մինչև վերջ և հաղթելու ենք։ Հայաստանի նորագույն պատմության մեջ մեկ Ղարաբաղյան շարժումն է եղել այսքան մարդաշատ, այսքան երկարատև, մեկ էլ էս շարժումը, որը, հիրավի, Ղարաբաղյան շարժում-2 է, նոր Ղարաբաղյան շարժում է։ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում երբեք էդքան «դավաճան» գոռացողներ, «հեռացիր» վանկարկումներ չեն եղել, և ես ևս մեկ անգամ, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, վերահաստատում եմ, որ Հանրապետականը պայքարել, պայքարում ու պայքարելու է ընդդեմ այս ազգակործան խունտայի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Փաստորեն, ընդդիմության լիդերության հարցում Իշխան Սաղաթելյանը առայժմ անփոխարինելի է, և Հանրապետականին գոհացնում է պայքարի տեմպը։ Հանրապետականին, իհարկե, հասկանալ կարելի է։ Իրենց իշխանության ընթացքում տեղի ունեցած «բերման ենթարկովի» հանրահավաքներից հետո ժողովրդի նման քանակը, իհարկե, ՀՀԿ-ականների համար համաժողովրդականի, ամենամարդաշատի ու ամենահուժկուի տպավորություն կարող է թողնել, Իշխան Սաղաթելյանն էլ այդ ֆոնին կարող է հերոսանալ, բայց ընդդիմությունը մինչև այժմ չի հասկացել, որ փողոցներում ավելի բարձր, ավելի շատ ու ավելի երկար «դավաճան» գոռալով հեղափոխություն չեն անում։ Այդպես չի լինում։ Եվ ոչ միայն։ 

Ընդդիմությունը նաև չի հասկանում, որ գնալով ավելի է մեծանում քաղաքացիների դժգոհությունը հենց իրենցից, ու ինչքան երկար մնան փողոցում, այնքան ավելի են «մաշվելու», իսկ իշխանությունը իրենց չի «օգնելու» տուն գնալ։ Մնում է երկու տարբերակ՝ կա՛մ գնալ բախումների, բռնության, կա՛մ մաշվել ու անփառունակ կերպով «ցրվել տներով»։

Բայց իրավունքը և ընտրությունը ընդդիմությանն է՝ շարունակել «Հայաստանի նորագույն պատմության ամենամարդաշատ, հուժկու, անկասելի պայքարը», այնքան մարդաշատ և այնքան հուժկու, որ այդպես էլ չկարողացան իրապես պարալիզացնել քաղաքը։ Իսկ իրապես մարդաշատ փողոցներ Հայաստանը իր նորագույն պատմության ընթացքում, հիրավի, տեսել է, но это совсем другая история.
 

Վովա Հակոբյան