Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչքան էլ ԱԺ վերադառնալը կարող է ընդդիմության համար նվաստացուցիչ թվալ, այնուամենայնիվ, դա «ողջ» մնալու միակ ճանապարհն է. մյուս տարբերակները տանելու են քաղաքական ինքնասպանության, կամ՝ հակասահմանադրական են

Ինչքան էլ ԱԺ վերադառնալը կարող է ընդդիմության համար նվաստացուցիչ թվալ, այնուամենայնիվ, դա «ողջ» մնալու միակ ճանապարհն է. մյուս տարբերակները տանելու են քաղաքական ինքնասպանության, կամ՝ հակասահմանադրական են
Քաղաքականություն
18:59, 02 июнь 2022
Ընդդիմությունը վաղը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել։ ԱԺ-ից հեռացած, ԱԺ նիստերին չմասնակցող ընդդիմությունը, այնուամենայնիվ, որոշեց անհայտ ժամկետով վերադառնալ Ազգային ժողով։ Կառավարող ուժը ընդդիմադիրներին բազմիցս առաջարկել էր վերադառնալ ԱԺ և հրապարակներից ու փողոցներից բարձրաձայնվող հարցերն ու առաջարկներն անել ԱԺ ամբիոնից։ Ընդդիմությունը, սակայն, հայտարարեց, որ դա անում է իր օրակարգով։ Սակայն կառավարող ուժը չընդունեց ընդդիմության՝ արտահերթ նիստ գումարելու հրավերը, և հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրան։  

«Այժմ առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ 

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»,- ասված էր ՔՊ խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Ընդդիմությունը ի պատասխան նշում է, որ արտահերթ նիստին չմասնակցելով՝ իշխանությունը կնքում է իր քաղաքական վախճանը։
«Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերեզմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Ղազինյանն էլ ասաց, որ իշխանության՝ ԱԺ չգալը իրենց քաղաքական մահախոսականն է։ «Իրենք այլևս կդադարեն քաղաքական գործոն լինել Հայաստանում»,- ասաց Ղազինյանը։

Մեկ ամսից ավելի ԱԺ նիստերից բացակայող, միջազգային բոլոր հարթակներում մասնակցությունից հրաժարվող, փողոցից փողոց երթեր անցկացնող և քաղաքացիների մեծամասնության կողմից մերժվող, մաշվող, փոքրաթիվ համակիրներ ունեցող, սփյուռքից հայերին Երևան տեղափոխող, տարբեր մեթոդներով մարդկության բազմություն ապահովել, ԱԺ վերադառնալու տարբեր տրյուկներ փորձող ընդդիմությունը, հայտնվելով անկյունում, չունենալով «տուն գնալու» պատրվակ, հեղափոխության փորձն էլ ակնհայտորեն տապալած լինելով, հայտարարում է 54 տոկոս քվե ստացած, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող, Հայաստանում այս պահին էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժի քաղաքական մահվան մասին։ 

Ակնհայտ է՝ ընդդիմությունը մի տարբերակ ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ ամբողջությամբ սպառված և քաղաքական մահկանացուն չկնքած, և այդ մեկ տարբերակը ԱԺ վերադառնալն է։ Ինչքան էլ դա կարող է նվաստացուցիչ թվալ ընդդիմության համար, այնուամենայնիվ դա «ողջ» մնալու միակ ճանապարհն է։ Մյուս բոլոր ճանապարհները տանելու են քաղաքական ինքնասպանության կամ՝ հակասահմանադրական են։ Խորհրդարանական ընդդիմությունը, ցավալիորեն կամ բարեբախտաբար, մաշվել է՝ մինչև քոքը։ 

Վովա Հակոբյան