Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել. Իվան Կուլեբայի հարցազրույցը

Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել. Իվան Կուլեբայի հարցազրույցը
Քաղաքականություն / Աշխարհ
19:04, 12 февраль 2021
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ուղիների գտնել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ի  հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, կարծում ենք, որ այդ ուղղությունը կարող է պոտենցիալ դառնալ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նաեւ ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կվերականգնվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը»,- նշել է Կուլեբան:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը խոչընդոտել է  արտաքին քաղաքական գործընթացները ողջ աշխարհում, և դիվանագետները ստիպված են եղել հաղորդակցության նոր ձևեր փնտրել։

«Բացառություն չէին նաև հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները, սակայն անցյալ տարվա հունիսի 26-ին բարձր մակարդակով տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Ուկրաինայի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով, որի ընթացքում կողմերը դրական գնահատական տվեցին առկա երկկողմ երկխոսությանը:

Ցավոք, մեզ չհաջողվեց լիարժեք իրականացնել մեր մտադրությունները, որոնք արտացոլված էին Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2019-2020 թվականների խորհրդատվությունների պլանում, և այժմ մենք հայ գործընկերների հետ համատեղ աշխատում ենք մեր միջպետական երկխոսությունը շարունակելու և այն համակողմանի հարստացնելու ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը:

Կուլեբան հավելել է, որ ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ համատեղ մշակում են հեռանկարային օրակարգի հարցեր, խոսքը նախ և առաջ քաղաքական երկխոսության աշխուժացման, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, միջխորհրդարանական համագործակցության ուղիների որոնման, երկու պետությունների միջեւ առկա իրավապայմանագրային բազայի գույքագրման մասին է։