Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունը

Բրյուսելն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունը
Քաղաքականություն / Աշխարհ
20:08, 12 февраль 2021
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի  Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որն ավելի վաղ չէր բացառել Մոսկվայի ու Բրյուսելի կապերի խզումը, եթե վերջինս շարունակի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն.հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
«ԵՄ-ն ի գիտություն ընդունեց Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը Եվրամիության հետ հարաբերությունների մասին: Մենք նաև հաշվի ենք առնում Կրեմլի բացատրությունները, մենք դա կքննարկենք ԵՄ խորհրդում, - ասել է նա: Մենք սովորաբար չենք մեկնաբանում ԶԼՄ-ներին ասված քաղաքական գործիչների հայտարարությունները, այլ պատասխանում ենք կոնկրետ գործողություններին, որոնք երրորդ երկրներն իրականացնում են ԵՄ-ի արտաքին քաղաքական գործողություններին ի պատասխան»:
 
«Ռուսաստանն արդեն միանգամայն հասկացրել է, որ չի ցանկանում գնալ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ», - ասել է նա:
 
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի հետ YouTube- ի Solovyov Live ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան չի բացառում Բրյուսելի հետ կապերի խզումը, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի, որոնք ռիսկեր են ստեղծում Ռուսաստանի տնտեսության զգայուն հատվածների համար: