Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նման հայտարարություն անելը նշանակում է, որ Վազգեն Մանուկյանի ՀՓՇ-ն ընտրությունների միջոցով հաջողության հասնելու շանս չունի»․ քաղաքագետ

«Նման  հայտարարություն անելը նշանակում է, որ Վազգեն Մանուկյանի ՀՓՇ-ն ընտրությունների միջոցով հաջողության հասնելու շանս չունի»․ քաղաքագետ
Քաղաքականություն
16:54, 29 март 2021
«Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունն առերևույթ վտանգավոր հանցագործություն է և դրան պետք է պատշաճ գնահատական տրվի։  Դա պետության պարտականությունն է  հասարակության առաջ։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարության համար վզակոթին տալով, լեգիտիմ ուժ գործադրելով՝ նրան կմեկուսացնեին հասարակությունից»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին,  Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյան իրենց հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ խաղաղ ցույցերով հարց չի լուծվի և ուժին պետք է հակադրել ուժ: 
«Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի», - համոզմունք է հայտնել Վազգեն Մանուկյանը:

Ըստ Մեհրաբյանը՝ Վազգեն Մանուկյանի այս հայտարարությունը եկավ համալրելու իր նման բովանդակության և ուղղվածության մյուս հայտարարությունների շարքը, որոնց մի մասին արդեն իսկ տրվել է քրեաիրավական գնահատական և այդ մասով գործն ուղարկվել է դատարան։ 

«Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունը ևս մեկ դրվագ ավելացրեց արդեն իսկ տրված գնահատականի հիմնավորմանը»,-նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ իրեն ընդդիմություն հռչակած այդ ուժը, նրանց թվաքանակը բավարար չէ քաղաքական գործընթացներ տանելու համար, բայց նրանք ընդունակ են ցանկացած գործողության՝ ընդհուպ ահաբեկչության, և դրա օրինակները կան։ 
«Նրանց թվաքանակը ի սկզբանե չէր բավարարում իրական քաղաքական ընդդիմադիր  շարժում ձևավորելու համար, որովհետև նրանք չունեին սոցիալական հենարան, բայց նրանք քանակը միանգամայն բավարարում է  ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։ Նման գործողություն մենք տեսանք նոյեմբերի 9-10-ի գիշերը, մենք տեսանք մահափորձ ԱԺ նախագահի նկատմամբ իր ընտանիիք անդամների աչքի առաջ, մենք տեսանք չստացված համափորձ, երբ այդ ահաբեկիչները ներխուժեցին վարչապետի պետական առանձնատուն»,-նշեց քաղաքագետը։ 

Եթե վարչապետը այնտեղ լիներ, Մեհրաբյանը կարծում է, որ կատարվածը ոչնչով չէր տարբերվի ԱԺ նախագահի հետ տեղի ունեցածից։ «Ասել կուզեմ, որ սա ոչ թե օդից վերցված ենթադրություններ են, այլ հիմնավորված։ Եվ իրավապահներից, գլխավոր դատախազությունից մեջ ջանք չի պահանջվում մտածել ու հասկանալ, թե նրանք ինչի են ընդունակ ու ՝ հետևություններ անելով քայլեր ձեռնարկել»,-ընդգծեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ Վազգեն Մանուկյանն ու իր թիմը նաև փորձում են սադրել պետությանը, սադրել կոշտ գործողությոնների, որպեսզի մեղադրանքներ հնչեցնեն, թե Հայաստանը բռնապետություն է։ Այդ իմաստով իշխանությունն էլ կամուկացի մեջ է, չգիտի ինչպես վարվել։

«Բայց լուծումը պարզ է, եթե չգիտես ինչ անես, ինչպես վարվես, պետք է բացել օրենքը և օրենքի պահանջը ստանձնելով որպես պարտականություն, կատարել քո պարտքը հասարակության  առաջ օրենքի տառին ու ոգուն համապատասխան։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այս այլանդակությանը պետք է վերջ տալ։ Դա միանշանակ է»,-եզրափակեց քաղաքագետը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը, հակառակը, կարծում է, որ Մանուկյանի հայտարարություններին պետք է տրվի բացառապես քաղաքական գնահատական, քանի որ Վազգեն Մանուկյանը ոչ ուժ, բռնություն կիրառելու ռեսուրս ունի, ոչ էլ իր հետևից գնացողների բանակ, որ կարողանան ներքաղաքական իրավիճակը սրել, ապակայունացնել․ «Իհարկե, ես բացասական եմ գնահատում նման հայտարարությունները, քանի որ ներքաղաքական կյանքում որեւէ բռնություն, ուժի կիրառում պետք է բացառել։ Դա վերաբերում է ինչպես կոչ անողներին, այնպես էլ իշխանություններին։ Բայց նման  հայտարարություն անելը նշանակում է, որ Վազգեն Մանուկյանը հստակ չի տիրապետում ներքաղաքական իրավիճակին, վստահ է, որ ընտրությունների միջոցով հաջողության հանելու որեւէ շանս չունի, դրա համար փորձում է  նման հայտարարություններով ներքաղաքական իրավիճակը սրել և դրանով մեծացնել իրենց դերակատարությունը ներքաղաքական դաշտում»,-ասաց Բաղդասարյանը։

Մեր դիտարկմանը՝ նոյեմբերի 9-ի գործողությունները, ԱԺ նախագահի ծեծը, վարչապետի նկատմամբ մահափորձի գործը չե՞ն գալիս ապացուցելու, որ նրանք ընդունակ են նման գործողությունների, Բաղդասարյանը պատասխանեց․«Ես չեմ կարծում, որ Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությանը հաջորդելու են նման գործողություններ, քանի որ ուժին ուժով հակազդելու մասին հայտարարությունները ընդամենը ներքաղաքական լսարանի համար են նախատեսված ՝ ընտրություններից առաջ իրենց դերը մեծացնելու համար, ոչ ավել»։ 
Արփի Հարությունյան