Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը գուցե փորձի ուժ գործադրել, բայց այդ փորձերի ժամանակ կմնա մենակ, ինչպես Դեմիրճյան փողոցում մնաց. Գևորգ Պապոյան

Civic.am-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։ 

«Դեռ որոշում չունենք արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների կգնա առանձին»,- զրույցի սկզբում նշեց Պապոյանը: Իսկ  իր՝ ցուցակում լինելու մասին հարցին պատգամավորը պատասխանեց, որ ենթադրում է, որ կլինի իրենց ուժի նախընտրական ցուցակում։

Պապոյանը նշեց, որ ընտրողներին առաջարկելու են ապագայի տեսլական։ Ժողովուրդը, ըստ պատգամավորի, արդեն գնահատական տվել է նախկիններին, չնայած որ վերջիններս տարբեր կերպ փորձելու են վերադառնալ, այդ թվում՝ հակասահմանադրական ճանապարհներով՝ բռնությամբ, ուժով, ինչու ոչ նաև՝ ընտրությունները կեղծելու միջոցով։ Սակայն իշխանությունն ունի այդ կամքը, վճռականությունը, ուժը, որ դա թույլ չտա։

Ընդդիմության փողոցային մարած շարժման պարագայում արտահերթ ընտրությունների նշանակումը, ըստ Պապոյանի, ցույց է տալիս, որ իշխանությունը բացարձակ նպատակ չունի իշխանություն պահելու։ «Դրանով հնարավորություն է տրվում ժողովրդին, որպեսզի ևս մեկ անգամ քեզ վստահի, և դու գաս, և ժողովրդի պատգամները, հանձնարարությունները իրականացնես որպես իշխանություն»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորն ասաց, որ ժողովրդին ցույց են տալու իրենց արածները, բացատրություն են տալու չարածների համար, որոշ բաների համար ներողություն են խնդրելու, որ չեն արել, և խնդրելու են մանդատ, որպեսզի հաջորդ հնգամյակում այդ չարածներն անեն, գումարած այն, ինչը որ պլանավորել են անել։

«Նախկինների և մեր միջև դիմակայությունը նրանում է, որ իրենք ցանկանում են ժողովրդից իշխանությունը խլել, ինչպես խլել էին նախորդ 25 տարիներին, իսկ մենք ցանկանում ենք պահել ժողովրդի իշխանությունը։ Ժողովրդի իշխանությունը մեր իշխանությունը չէ։ Մենք այս պարագայում այն սուբյեկտն ենք, ում ժողովուրդը որոշել է, որ պետք է տա իշխանությունը։ Կորոշի ուրիշին տալ՝ կվերցնի այդ ուրիշը, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք թույլ չտանք որ ժողովրդից այդ իշխանությունը վերցնեն որոշ մարդիկ, որոշ օլիգարխներ, որոշ շրջանակներ»,- ասաց Պապոյանը։

Պապոյանը նշեց, որ շարունակելու են տնտեսական բարեփոխումները և պատերազմից հետո տնտեսությունը սկսել է վերականգնվել և ապրիլ-մայիս ամիսներից ինքը սպասում է երկնիշ տնտեսական աճի գրանցում։ Սրան կարող է նպաստել նաև ճանապարհների ապաշրջափակումը։ Արդյունաբերական զարգացած երկիր լինելու համար, ըստ պատգամավորի, պետք է երեք պայմաններից՝ բաց սահմաններ, երկաթուղի և ելք դեպի ծով, գոնե երկուսը ունենալ։

«Ծով մենք չունենք, դա հնարավոր չէ, բայց մենք կարո՞ղ ենք ունենալ գոնե երկաթուղի և բաց սահմաններ։ Այլ հարց է, որ մարդիկ երկար ժամանակ սեփական պետությունը թալանել են, սեփական ժողովրդին թալանել են և տնտեսության ծանր վիճակը պայմանավորել են «դե գիտե՞ք, պատերազմ ա դրա համար, Արցախի համար ա, դրա համար, սահմանները փակ են՝ դրա համար է այսպես, հարաբերություններ չկան էս երկրի հետ, դրա համար է էդպես», այսինքն, այո՛, դրանք օբյեկտիվ պայմաններ են, բայց շատ հաճախ այդ օբյեկտիվ պայմանները ծառայեցվել են սուբյեկտիվ նպատակների։ Այսինքն՝ սեփական երկիրը թալանելը դրանով է արդարացվել», - ասաց Պապոյանը։ 

Անդրադառնալով «Սոթքի» հանքավայրի շահագործմանը, Պապոյանը շեշտեց,  որ դա միջկառավարական մակարդակում գտնվող հարց է և քննարկումները այդ հարցով դեռ շարունակվում են։ Ամուլսարի շահագործման հետ կապված պատգամավորը նշեց, որ այս պահին որոշում չկա, նաև կառավարող ուժի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ Այդ հարցով հաշվի են առնվելու Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական շահերը և որոշումը կախված չի լինելու որևէ տեսակի խմբի նեղ շահերից։

Վերադառնալով ընդդիմադիրների գործունեությանը, Պապոյանը շեշտեց, որ ընդդիմությունը տարատեսակ հարցումների և փողոցում մարդկանց քանակի միջոցով տեսնում է, որ աներկբա է, որ վարչապետի գլխավորած ուժը հաղթելու է ընտրություններում և փորձում են տարատեսակ հայտարարություններով ստվերել ընտրությունների գործընթացը։

«Մենք կառչած չենք իշխանությունից, բայց մենք կառչած ենք այն մտքից որ որևէ մեկը չի կարող և չպետք է խլի իշխանությունը ժողովրդից, և ինքը որոշի, թե այուհետ ով պետք է լինի նախագահ, ով՝ վարչապետ, ով՝ էլ խորհրդարանում»,- ասաց Պապոյանը։

Ընդդիմությունը, ըստ Պապոյանի, միգուցե կատարի փորձեր՝ բռնի գործողությունների, շենքեր գրավելու, ուժ կիրառելու, սակայն կառավարող ուժը ունի վճռականություն այդ փորձերը կանխելու և թույլ չտալու համար։

«Այնպես, որ իրենք, միգուցե, կատարեն փորձեր, սակայն վստահաբար դաժան պարտություն են կրելու, որովհետև նրանք այդ փորձերի ժամանակ կմնան միայնակ, ինչպես մնացել են միայնակ Դեմիրճյան փողոցում»,- վստահեցրեց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: