Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցությունների հիմքում պետք է դնել անվտանգային հարցերը, խաղաղության օրակարգը, նոր սրանից բխեցնել Արցախի ինքնորոշման հարցը․ Նարեկ Զեյնալյան․ տեսանյութ

«Իրենք ի սկզբանե մեղադրում էին այն բանում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն մենք չենք հակադարձում, և իրենք 25-30 տարի հենց այդ տրամաբանությամբ են աշխատել, և դա օդից վերցրած խոսքեր չեն. այդ ամեն ինչն արձանագրված է, և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունը հենց խոսում է դրա մասին, որ իրենք շարժվել են հենց այն տրամաբանությամբ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ենթադրաբար լինելու: 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն դրվել է կասկածի տակ, քանի որ իրենք կանխատեսել են հանրաքվեով որոշել Արցախի հարցը, և բանակցությունների հիմքում դնելով ինքնորոշման հարցը՝ ըստ էության փակուղի են տարել, որովհետև այլ քննարկում դրանից հետո չի ծավալվում»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ընդդիմության կողմից իրենց ուղղված մեղադրանքների մասին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։  

Նա նշեց, որ հիմա տրամաբանությունը պետք է փոխել, հիմքում դնել անվտանգային հարցերը, խաղաղության օրակարգը, սրանից նոր բխեցնել ինքնորոշման հարցը կամ Արցախի կարգավիճակի հարցը։ 

Պատգամավորը կարծում է, որ այս ուղղությամբ բանակցություններն ընթանում են, որ արդյունավետ լինի, բայց խաղաղության օրակարգն էլ միակողմանի չի լինում, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի երկարաժամկետ խաղաղություն ձևավորվի՝ միաժամանակ նաև անվտանգային հարցերը լուծելով, նոր սրանից հետո բխեցնել Արցախի կարգավիճակի հարցը։   
        
Խոսելով  նաև այն մասին, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է  Արցախից հրաժարվելու մեջ, պատգամավորն ասաց, որ Արցախից որևէ մեկը չի հրաժարվում, դա անհեթեթություն է և նրանց մանիպուլյացիաների շարքից է։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան