Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՔՊ-ն, ենթադրենք, ուներ 40 տոկոս ռեյտինգ, ապա ՔՌ-ն՝ Քոչարյանը Ռոբերտը, մինուս 40 տոկոս ռեյտինգ․ մեր հասարակության գնահատականը հայելաձև է․ Ազատ Արշակյան

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է

-Պարո՛ն Արշակյան, որպես փորձառու քաղաքական գործիչ՝ ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ անարդյունք ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի՝ իշխանափոխության օրակարգով 45 օր տևած պայքարը։ Ի՞նչը ճիշտ չէր հաշվարկել խորհրդարանական ընդդիմությունը։

-Դասալիք եղան, լքեցին մարտի դաշտն ու ճողոպրեցին, գնացին, որ ավելի հարմարավետ տեղերում իրենց գործը շարունակեն կամ էլ ուղղակի հոգնել էին՝ գնացին հանգստանալու։ Երբ կհանգստանան կամ շրջաբերական կստանան ինչ-որ տեղից, որ նորից սկսեն, կգան։ Ես սա հեգնում եմ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ որպես ընդդիմություն․․․ հեծանիվի օրինակը կա, հենց որ հեծանիվը կանգ է առնում, հեծանվորդը գլորվում է, իսկ քաղաքականության մեջ եթե ասենք՝ հեծանիվը երկու ոտնակ ունի, մեկը ընդդիմությունն է՝ գլխավոր ոտնակը, և երկրորդ ոտնակը իշխանությունն է։ Այսինքն, նրանք իրար փոխարինելով՝ առաջ պիտի մղեն հեծանվորդին։ Հեծանվորդը մեր հասարակությունն է, իսկ հեծանիվը մեր պետությունն է։ Որպեսզի մեր պետությունն առաջ շարժվի, պետք է անպայման ունենա ընդդիմություն և իշխանություն։ Նրանք, իրար խանգարելով, իրար հրելով պետք է առաջ գնան։ Հիմա մեր հեծանիվը մեկ ոտնակ ունի՝ միայն իշխանությունն է, այսինքն՝ իշխանությունը կորոշի՝ կլինի, չի որոշի՝ չի լինի, իսկ ընդդիմությունը «քաղաքական кухарка»-ի կարգավիճակ ունի։ Դա լուրջ չէ։