Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկումներ եղել են խաղաղության պայմանագրի շուրջ, բայց սեղանին տեքստ չկա, Ադրբեջանը հրաժարվել է այսօրվա Բրյուսելում կայանալիք հանդիպումից. վարչապետ

Քննարկումներ եղել են խաղաղության պայմանագրի շուրջ, բայց սեղանին տեքստ չկա, Ադրբեջանը հրաժարվել է այսօրվա Բրյուսելում կայանալիք հանդիպումից. վարչապետ
Քաղաքականություն
20:51, 27 июнь 2022
«Կա՞ արդյոք առաջխաղացում հայ-ադրբեջանական բանակցությունների հաստատման հարցում, ե՞րբ կմեկնարկեն բանակցությունները և ե՞րբ պատրաստ կլինի խաղաղության բուն պայմանգիրը»,- այսօր` հունիսի 27-ին, լրատվամիջոցները նաև այս հարցն էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռավար ասուլիսի ժամանակ: 

«Մենք և Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ հարցը քննարկել ենք և արձանագրել ենք, որ պետք է մեկտեղվեն պատկերացումները` ինչ ձևաչափով, ինչպիսի տեմպով ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ինչ դրույթներ պետք է ներառի: Պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ Ադրբեջանի տարօրինակ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ. «Հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն: Բայց Ադրբեջանը, արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկոտել է աշխատանքը, այսինքն՝ չի ներգրավվել աշխատանքին և նախորդ օրվա ԱԳՆ-ի կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»:

 Վարչապետի խոսքով` թեպետ նախնական քննարկումներ եղել են խաղաղության պայմանագրի շուրջ, բայց այս պահին սեղանին տեքստ չկա: Նա նշեց, որ քննարկումներից հետո  պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակեն աշխատանքը, և այսօր մի այդպիսի հանդիպում էր նախատեսված Բրյուսելում, որին պետք է մասնակցեր ՀՀ ԱԽ քարտուղարը և  Ադրբեջանի նախագահի խորհրդականը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել: 

«Իմիջիայլոց այդպիսի մի հանդիպում արդեն տեղի է ունեցել»,-հիշատակեց Փաշինյանը նկատի ունենալով Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի հանդիպումը  և շեշտեց, որ Ադրբեջանը մինչև այս պահը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին. «Այս պահին սեղանի վրա, բացի նրանից ինչ-որ հրապարակվել է, այլ փաստաթուղթ չկա»,-եզրափակեց Փաշինյանը: