Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է. ես հավաստիացումներ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է. ես հավաստիացումներ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
22:19, 27 июнь 2022
Այսօր՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Արցախսփիքս» լրատվական գործակալությունը հետաքրքրվել էր, թե երբ է գործարկվելու Արցախը Հայաստանին կապող նոր միջպետական ճանապարհը. «Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը փորձի այդտեղ անցակետ տեղադրել կամ պահանջել նույն միջանցքային տրամաբանությունը Սյունիքով անցնող ճանապարհով»:

Ի պատասխան վարչապետը նշեց, որ Ադրբեջանը իր այդպիսի ցանկությունը չի թաքցնում երբեմն նաև աշխատանքային մակարդակում. «Բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է: Եվ մենք Ռուսաստանում բարձրագույն մակարդակում ստացել ենք հավաստիացումներ, որ այդպես էլ կլինի: Եռակողմ հայտարարության տառին և ոգուն համապատասխան՝ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո՝ Լեռնային Ղարաբաղ-Հայաստան կապը ապահովելու համար: Մենք պետք է ելնենք փաստաթղթից, և այդտեղ որևէ այլ մեկը վերահսկողություն պիտի չունենա»:

Վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները. «Ես ստացել եմ այդ հավաստիացումները»: