Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներն էլ հաստատել են իրենց հանձնառությունը ԼՂ կարգավորման հարցում. Փաշինյան

Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներն էլ հաստատել են իրենց հանձնառությունը ԼՂ կարգավորման հարցում. Փաշինյան
Քաղաքականություն
22:33, 27 июнь 2022
«Մինսկի խումբը գոյություն ունի՞, թե՝ ոչ: Ըստ Լավրովի հայտարարությունների՝ այն գոյություն չունի, այս դեպքում որտե՞ղ է արցախյան հիմնախնդրի բանալին»,-այսօր` հունիսի 27-ին, լրատվամիջոցներն ու ՀԿ-ները նաև այս հարցն էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռավար ասուլիսի ժամանակ: 
 
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է, որովհետև ՌԴ արտաքին գործերի նախարարը ՌԴ նախագահի ենթակայության տակ և նրա որոշումների ներքո և շրջանակներում գործող պաշտոնյա է: 2021թ. ապրիլի 19-ին ես պաշտոնական այց եմ ունեցել ՌԴ, որի արդյունքներով ՌԴ նախագահի հետ ստորագրել ենք համատեղ հայտարարություն, որտեղ գրված է` պետք է համագործակցենք ԼՂ կարգավորման շուրջ, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը նրա միջազգային մանդատին համապատասխան: Եվ սա ՌԴ պաշտոնական տեսակետն է, որն արձանագրված է թղթի վրա»,-պատասխանեց վարչապետն ու ընդգծեց, որ մի կողմից կարծում է, որ առկա հակասությունը պետք է պարզաբանվի, մյսու կողմից էլ ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ արձանագրված է. «Մինսկի խմբի համախագահող երեք երկրներն էլ հաստատել են իրենց հանձնառությունը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և վերջին երկուսը մի քանի անգամ: Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»,-հավելեց Փաշինյանը: