Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս լրատվամիջոցները սպասարկում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության հետ փոխկապակցված քաղաքական շրջանակներին. Արթուր Հովհաննիսյանը՝ վարչապետի ասուլիսը բոյկոտած ԶԼՄ-ների մասին

«Վարչապետին ուղղված բոլոր հարցերը հնչում են, այո՛, հարցեր կան, որոնք խմբավորվում են, բայց կներեք, երեք անգամ իրար հետևից նույն բովանդակությամբ հարցն ուղղակի չի կարելի հնչեցնել, ֆորմատն այդպիսին է, և հարցերը խմբավորվում են, ու որևէ հարց դուրս չի մնում, որոնք ուղարկվել են վարչապետին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ վարչապետի առցանց ասուլիսից դժգոհող ԶԼՄ-ների մի մասը դժգոհում էր հարցերի խմբավորումից, և կային լրատվամիջոցներ, որոնք կոնկրետ բոյկոտում էին և ըստ էության ասում էին, որ իրենք չեն մասնակցելու։

«Ես երեկ էլ եմ սրան անդրադարձել, վարչապետն էլ անդրադարձավ սրան, այն իմաստով, որ այդ չակերտավոր լրատվամիջոցները ներկայացնում են այն նույն քաղաքական ուժերին, որոնք բոյկոտում են՝ ինչ հնարավոր է։ Ինչ հնարավոր բան կա երկրում, այս խորհրդարանական ընդդիմությունը փորձում է բոյկոտել, որովհետև չունեն օրակարգ, և այդ օրակարգը հենց բուն բոյկոտն է։ Այսինքն՝ ստեղծել ինչ-որ տեղեկատվական աղմուկ, դրա վրա փորձել խաղալ, խաղալ մարդկանց էմոցիաների հետ և այդպես շարունակ։ Բոլորին հայտնի է, որ այս լրատվամիջոցները սպասարկում են կոնկրետ քաղաքական շրջանակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության հետ փոխկապակցված քաղաքական շրջանակներին, և շատ բնական եմ համարում, որ այս լրատվամիջոցները իրենց քաղաքական հայրերի և ֆինանսավորողների գործողությունների ֆոնին պետք է նման վարքագիծ դրսևորեին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը նշեց, որ նման իբր լրատվականների հարցերի բացակայությունն այդ ասուլիսի ընթացքում էլ ավելի լավացրեց ասուլիսի որակը և բովանդակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան