Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է փորձենք բանակցային գործընթացի միջոցով կանխել նոր պատերազմի վտանգը, կառավարել ռիսկերը, ոչ թե բանակցային դեմարշներով բերենք, մեր դուռը հասցնենք պատերազմի հեռանկարը. քաղաքագետ

Մենք պետք է փորձենք բանակցային գործընթացի միջոցով կանխել նոր պատերազմի վտանգը, կառավարել ռիսկերը, ոչ թե բանակցային դեմարշներով բերենք, մեր դուռը հասցնենք պատերազմի հեռանկարը. քաղաքագետ
Քաղաքականություն / Միջազգային
18:53, 28 июнь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած առցանց ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի հետ տարվող խաղաղության բանակցային գործընթացին,  մատնացույց անելով հարևան երկրի  ցուցաբերած ապակառուցողական վարքագիծը,  արձանագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի  չկատարումը, խաղաղության օրակարգի հավանական տապալումը։ Այս ամենի մեղքը ՀՀ-ի վրա բարդելով, ինչպես վարչապետը փաստեց,  Ադրբեջանն այսպիսով  փորձում է  կաթիլ-կաթիլ  նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել։ «Այն, ինչ որ ես ասում  եմ, դրանք փաստեր են, որոնք հնարավոր չէ հերքել։ Այլ բան, որ մենք այս փաստերի մասին  պետք է նաև պատշաճ իրազեկենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց հասցեական գնահատականը»,- ի հավելումն այս ամենի՝ ասաց ՀՀ վարչապետը։  

Առկա իրավիճակում ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից,  խաղաղության օրակարգի կյանքի կոչմամբ շահագրգիռ միջազգային խաղացողները պե՞տք է ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա՝ վերջինիս  վերադարձնելով  կառուցողականության  դաշտ։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց. «Եկեք փաստենք, որ խաղաղության հնարավորությունը վերջնականապես տապալված չէ։ Այնուամենայնիվ, դեռևս շանսեր կան պահպանելու այս փխրուն խաղաղության ռեժիմը։ Հույս ունենանք, որ, համենայնդեպս, ռուսական մոդերատորությունը կօգնի խուսափել նոր պատերազմից։ Պատերազմն ընդհանրապես  զսպվում է, երբ կա միջազգային կոնսոլիդացված ճնշում հակամարտող կողմերի վրա։ Այժմ չի կարող լինել նման կոնսոլիդացված ճնշում՝ ինձ ու ձեզ հայտնի պատճառներով, որովհետև գլոբալ հակադրության փուլում է աշխարհը, նոր սառը պատերազմի ռեժիմում է ապրում, և ենթադրել, որ կարող է միջազգային կոնսոլիդացված ճնշում լինել Ադրբեջանի վրա՝ պատրանքային է կամ էլ՝ ցանկությունների դաշտից։ Հույսը պետք է դնել այն բանի վրա, որ  բանակցային գործընթացը, թեկուզ փոքր լուծումներով, հնարավոր կլինի առաջ տանել, և բանը չի հասնի ռազմական նոր էսկալացիայի»։ 

ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի, ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատրաստ է շարունակել առաջ տանել  գործընթացն ու աշխատել այդ ուղղությամբ՝ այսպիսով ի չիք դարձնելով Ադրբեջանի կողմից միջազգային հանրության մոտ այն տպավորության ստեղծումը, թե ՀՀ-ն է մեղավոր գործընթացի տապալման համար։ Ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության և Ադրբեջանի  արձագանքն  ի պատասխան ՀՀ ղեկավարի այս  հայտարարության։ «Միջազգային հանրության համար, ճիշտն ասած, այնքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ հիմնավորումներ են հնչում Բաքվից կամ Երևանից, որովհետև ժամանակակից քաղաքականության հիմքում շահերն են»,- ի պատասխան ասաց Սուրենյանցն ու հավելեց, թե պետք չէ իլյուզիաներ ունենալ, որ մեկ ասուլիսով հնարավոր է միջազգային հանրության կարծիքը հայանպաստ դարձնել, և այնպես էլ չէ, որ միջազգային հանրությունը հալած յուղի տեղ է ընդունում Ալիևի ասած ամեն մի հայտարարություն։ «Շատ կարևոր է, թե որ կենտրոնն ինչ շահեր ունի և ըստ այդ շահերի՝ ինչ ռեակցիա է տալիս Երևանից կամ Բաքվից հնչող հայտարարություններին։ Եկեք ճիշտ հասկանանք իրավիճակը. Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, փորձում է մաքսիմումը  կորզել ստեղծված իրավիճակից՝ դա կվերաբերի թե՛ ԼՂ կարգավիճակի, թե կոմունիկացիաների, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերին։ ՀՀ-ն էլ, որպես պարտված երկիր, փորձում է հնարավորինս չեզոքացնել ռիսկերը։ Պարզ է, որ ով էլ լինի իշխանություն, մենք չենք ակնկալելու լուծում, որը տարբեր է լինելու նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստից կամ տրամաբանությունից։ Այս փուլում ռիսկերը կառավարելու խնդիր կա, և ՀՀ-ն այս պահին զբաղված է  հենց այդ՝ ռիսկերի կառավարման և հնարավոր չեզոքացման գործով,  Ադրբեջանն էլ ստեղծված իրավիճակւմ  մաքսիմումը քաղելու մարտավարությունն է բանեցնում»,- նկատեց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է պատերազմի լեգիտիմություն կուտակելու մասին վարչապետի դիտարկմանը, ապա այն, ըստ մեր զրուցակցի, կարող է ուղղված լինել և՛ միջազգային հանրությանը, և՛ ներքին լսարանին։ «Փաշինյանն, ըստ էության, դժգոհում էր, որ ձևավորվել է բանակցային մի համատեքստ, որտեղ ՀՀ-ին զիջումներ են պարտադրվում։ Ենթադրաբար նա նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերջին ասուլիսը Բաքվում, որտեղ հնչեցին հայտարարություններ, որոնք ոչ մի պարագայում հայանպաստ անվանել հնարավոր չէ։ Այնտեղ խոսվում էր, օրինակ, Սյունիքով անցնող ճանապարհի մասին՝ «ֆունկցիոնալ միջանցքի» կարգավիճակով։  Ճիշտ է՝ արտատարածքային միջանցք չի լինելու, դա ասաց Լավրովը Երևանում, բայց Բաքվում նրա արած հայտարարությունից հետևում է, որ առնվազն ֆունկցիոնալ միջանցք գոյություն ունենալու է, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ թեպետ այդ տարածքը մնում է հայկական վերահսկողության տակ, բայց մաքսային, անձնագրային վերահսկողություն իրականացնելու է ռուսական սահմանապահ ծառայությունը։ Սա կարող է նշանակել ՀՀ ինքնիշխանության էական սահմանափակում։ Ցավոք սրտի, Լավրովի վերջին ասուլիսից տպավորություն ստեղծվեց, որ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումներն այդ հարցում բավականին մոտ են, և ենթադրաբար նաև ռուսական կողմից որոշակի ճնշում կա ՀՀ-ի վրա։

Վարչապետը, ըստ ամենայնի, սա էր ակնարկում, սրա մասին էր բարձրաձայնում։ Մյուս կողմից՝ ուղերձ կար նաև մեր հասարակությանը, որ եթե մենք ընդհանրապես հակված չլինենք ցավոտ լուծումների, պատերազմը կարող է դառնալ անխուսափելի։ Այսինքն՝ փորձ էր արվում պատերազմի վտանգի մասին ահազանգելով հանրային կարծիքն ավելի կառավարելի դարձնել»։   

Իսկ ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը նոր ցավոտ զիջումների մասին հայտարարությանը. արդեն իսկ հնչում են ոտքի կանգնելու և իշխանությանը հեռացնելու  կոչեր ոչ միայն ընդդիմության, այլև առանձին  խմբերի կողմից։  Նկատենք, որ «Դիմադրություն» շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանն էլ, անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, նշել է, թե իշխանությունը շարունակում է «երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը», հետևապես «պետք է դիմադրել թշնամուն և Փաշինյանին»՝ մասնակցելով հուլիսի 1-ին հրավիրված հանրահավաքին։

 «Իշխանության հեռացմամբ խնդիրը չի լուծվի։ Եթե մեր բոլոր ազգային խնդիրները լուծվեին սոսկ իշխանափոխությամբ, ես երկու ձեռքով կողմ կլինեի իշխանափոխությանը։ Բայց ուզում եմ հիշեցնել առաջին նախագահ  Տեր-Պետրոսյանի՝ վերջերս արված մի դիտարկում, որ՝ այս պահին ով էլ լինի իշխանություն, նա ստիպված է լինելու ընդունել այն լուծումը, ինչը պարտադրվելու է  ՀՀ-ին։ Այսինքն՝ այնպես չի, որ եթե վաղը Իշխան Սաղաթելյանը կամ Սուրեն Սուրենյանցը լինեն իշխանության ղեկին, այդ ռիսկերը վերանալու են։ Պետք է գիտակցենք, որ Փաշինյանի դեմքով պարտվել է երկիրը, անկախ նրանից՝ կփոխվի իշխանություն, թե ոչ։ Եվ արտաքին աշխարհում գործ են ունենում երկրի հետ։ Իհարկե, երկրի իշխանության ով լինելը շատ կարևոր է՝ ռիսկերը կառավարելու առումով, բայց միայն իշխանափոխությամբ այս բոլոր խնդիրները չեն վերանալու՝ նույնն է մնալու Ադրբեջանն իր ագրեսիվ կեցվածքով, նույնն է մնալու ՌԴ-ն իր ուրույն օրակարգով, նույնն էլ մնալու են մնացած խաղացողներն իրենց օրակարգերով և շահերով։ Հայաստանը  փոքր մասշտաբի երկիր է, որպեսզի այստեղ իշխանափոխությունը հանգեցնի որակական փոփոխությունների բանակցային գործընթացում։ Հիմա պետք է համազգային քաղաքական ներուժի կոնսոլիդացիա, խնդիրների լուծումը ոչ թե ներքին պառակտման, այլ համազգային երկխոսության մեջ է։

Մեկ քաղաքական ուժ կամ մեկ իշխանություն չի կարող դիմակայել այս մարտահրավերներին»։ 

Սուրենյանցը նշեց նաև, թե  ակնկալում էր, որ Փաշինյանն ավելի անկեղծ երկխոսություն կունենա հասարակության հետ և կասի, թե ինչ են առաջարկում ՀՀ-ին։  «Առաջարկն ընդունելու դեպքում ինչ է սպասվում մեզ՝ ցավոտ զիջումների իմաստով, և չընդունելու դեպքում դարձալ ինչ է սպասվում։ Որովհետև իշխանության քաղաքականության գինն ի վերջո վճարում է հասարակությունը, երբեմն նաև իր զավակների կյանքի գնով։ Հետևաբար ակնկալում եմ, որ իշխանությունը շատ ավելի բաց տեքստով կասի, թե այս պահին ինչ է առաջարկվում կամ պարտադրվում ՀՀ-ին, և ինչ ելքեր ունենք մենք, որպեսզի կարողանանք փորձագիտական, քաղաքական դիսկուրսի մակարդակով ռիսկերը դարձնել կառավարելի։ Նոր պատերազմը մահաբեր է լինելու ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի պետականության համար։ Ես, իհարկե, կողմ չեմ առանց «բայց»-երի խաղաղության, բայց մենք պետք է ամեն կերպ փորձենք բանակցային գործընթացի միջոցով կանխել նոր պատերազմի վտանգը,  ոչ թե բանակցային դեմարշներով բերենք, մեր դուռը հասցնենք պատերազմի հեռանկարը։ Ես կողմ չեմ ամեն ինչ զիջելուն, բայց դրա համար ես տեսնում եմ բանակցությունների ճանապարհը, որովհետև հենց Ադրբեջանի ուզածը դա է՝ բանակցային գործընթացի տապալման պատասխանատվությունը բարդել ՀՀ-ի գլխին և նոր պատերազմ սկսել։  Իսկ այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ նոր պատերազմի, իսկ Ադրբեջանն անհամեմատ ավելի բարվոք վիճակում է, եթե հաշվի առնենք նաև նրա դաշնակցին»։ 
   
Հեղինե Մանուկյան