Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
Քաղաքականություն
19:45, 28 июнь 2022
Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների ընդլայնման և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: