Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դժվար է պատկերացնել, թե ՀԱԿ-ի անդամները ինչպես կարող են համագործակցել Քոչարյանի հետ կամ՝ հակառակը». «Իմ քայլի» պատգամավոր

Civic.am-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։

Բաղդասարյանը ակտիվ գործունեություն է ծավալում գերիների հարցով և իր խոսքում կարևորեց հատկապես միջազգային կառույցների կողմից գործադրվող ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։

Պատգամավորը նշեց, որ բացի հաստատված գերիներից կան նաև ենթադրյալ գերիներ, որի փաստը, սակայն, Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, իսկ  հայկական կողմը շարունակում է պնդել և հաստատում պահանջել, քանի որ կան տեսանյութեր, ապացույցներ, որ այդ անձինք ևս գերեվարված են։

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ առաջիկա օրերին այս հարցով կլինեն զարգացումներ և հույս կա, որ հաստատված գերիների ցանկը ընդլայնվելու է, սակայն փակագծեր բացել Նազելի Բաղդասարյանը չցանկացավ։

Արդեն հաստատված գերիների վերադարձի մասով Բաղդասարյանը նշեց, որ ևս առաջընթաց կա, գործընթաց է տարվում և կարծիք հայտնեց, որ ևս մեկ խումբ կվերադառնա հայրենիք։

Անդրադառնալով ՍԴ խնդրին և իշխանությանն ուղղված քննադատություններին՝ ՍԴ հարցը վերջնական չլուծելու հետ կապված, Բաղդասարյանն ասաց, որ ձևավորման գործընթացում այն ինչ դրված էր Ազգային Ժողովի վրա որպես պարտականություն՝ իրականացրել են։ «Ինչ մնում է Սահմանադրական դատարանին և իր գործառույթներին, ինձ հետաքրքիր է թե ովքե՞ր են այսպիսի գնահատականներ հնչեցնում, որովհետև քաղաքական դաշտում կան  ուժեր, որոնք շատ խիստ քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հետ կապված այս որոշումը, բայց ընդամենը մեկ օր, երկու օր առաջ հանդիպում են նույն քաղաքական ուժերի հետ։ Նախագահների հայտնի հանդիպումը սրա վառ ապացույցն է և խիստ տարօրինակ է, որ նախկին նախագահներին հարող ուժերը իրավունք են վերապահում քննադատել «Իմ քայլին»», - նշեց Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորը հավելեց, որ տվյալ փուլում կառավարող ուժի արածը բավարար էր, գոնե այն գործիքակազմով, որն ուներ կառավարող ուժը։

Եվս մեկ անգամ անդրադառնալով նախկին նախագահների հանդիպմանը և ընդդիմադիր ուժերի քայելին, պատգամավորը նշեց, որ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը եթե չմիավորվեն, ապա, բնականաբար, կլինի մեծ ֆիասկո, և նրանք անգամ չեն կարողանա հաղթահարել Խորհրդարան մուտք գործելու համար սահմանված անցողիկ շեմը։

«Սակայն ինձ համար դժվար է պատկերացնել, թե ՀԱԿ-ի անդամները ինչպես կարող են համագործակցել Քոչարյանի հետ կամ՝ ճիշտ հակառակը։ Բայց սա քաղաքականություն է, որտեղ ոչինչ պետք չէ բացառել», - ասաց Բաղդասարյանը։

«Մենք ընտրողին նախևառաջ առաջարկելու ենք խաղաղություն, առաջարկելու ենք օրենքի երկիր, օրենքի գերակայություն», - անդրադառնալով իրենց ուժի նախընտրական քայլերին, ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ պատերազմը, որում ներգրավվեց Հայաստանը, ի սկզբանե անհավասար ուժերի պայքար էր, որովհետև իր ուղիղ մասնակցությունն ուներ նաև Թուրքիան։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե հնարավոր լիներ պատերազմը ձգձգել գոնե մեկ-երկու տարով, ապա մենք ավելի պատրաստված կլինեինք դրան, որովհետև սպառազինությունների ձեռք բերման, բանակում ռեֆորմների իրականացման աշխատանքները մեծավմասամբ արված կլինեին։

Հարցին, թե կարող էինք կանխել պատերազմը, Բաղդասարյանը նշեց, որ բարդ է միանշանակ պատասխանել, որովհետև ավելի խոր մասնագիտական վերլուծություններ են պետք, և ժամանակի ընթացքում մենք բոլոր հարցերի պատասխանները կստանանք։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 
Վովա Հակոբյան