Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզ ուղարկում ենք չարիքի դեմ պայքարելու և այդ չարի ժանիքները խարտելու. Չընկճվե՛ք, դուք պարտավո՛ր եք հաջողել. Վահագն Ալեքսանյանի պատգամը՝ Աննա Վարդապետյանին

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Ինչպես իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, այս ընտրությունը պատմական է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ընտրվում կին Գլխավոր դատախազ:

Նա ընդգծեց, որ ինքը և իրենց խմբակցությունը ներկայացնում են այն բազմահազար քաղաքացիներին, ովքեր ունեն արդարության պահանջ. «Եվ ես թույլ կտամ մեզ քվե տված քաղաքացիների անունից մի ընդհանրացված պատգամ փոխանցել ձեզ. երբ ստանձնեք Գլխավոր դատախազի պաշտոնը, դուք պարտավոր եք լինել համառ, բայց ոչ թե պարզապես համառ, այլ աշխարհում երբևէ ապրած ամենահամառ մարդը չարի դեմ պայքարում: Այդ չարը միշտ արթուն է, այդ չարի ներկայացուցիչների ժանիքները միշտ սուր են, և դուք եք, որ պիտի խարտեք ու տափակեցնեք այդ ժանիքները: Երբեք չմոռանաք, որ դուք պարտավոր եք լինել կեղեքվածի, հարստահարվածի, ճնշվածի պաշտպանը և կեղեքողի, հարստահարողի ու ճնշողի սարսափը»:

Վահագն Ալեքսանյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացին երկար է տառապել, երկար է զրկված եղել նույնիսկ իր հիմնարար իրավունքից, նրան թալանել են, քաղաքացու հարկերով էլիտար թաղամասերում դղյակներ սարքել, տարատեսակ սավանաներում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի ուղեգրեր, գերէկզոտիկ խաղատներում կազինոների ֆիշկաներ գնել. «Վերջում էլ եկել ու գնդակահարել կամ ծեծելով սպանել են այդ քաղաքացուն ինչ-որ սրճարանի զուգարանում: Սա է այն չարը, որի դեմ պայքարի ենք ուղարկում ձեզ, սրա ժանիքներն է, որ պիտի խարտեք կամ, տեղն եկած ժամանակ, երկաթյա բրեկետներով բուժում նշանակեք: Այս ճանապարհին չընկճվեք, տուրք չտաք այն ամբողջ կեղտին, որ չարիքին սպասարկող լրատվամիջոց կոչվածները լցնելու են ձեր ուղղությամբ: Դուք պարտավոր եք հաջողել հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն ՀՀ քաղաքացու»:

Մանրամասն՝ տեսանյութում: