Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախումներ հրահրելու Իշխան Սաղաթելյանի սերը իր ապոգեին հասավ հունիսի 3-ին. Արուսյակ Ջուլհակյանը՝ Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու մասին

Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագիծը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հայտարարեց, որ չնայած այն բանին, որ պաշտոններում առաջադրելու իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, սակայն այդ պաշտոններից հետկանչման և լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին. «Ըստ այդմ, ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի ընտրության, ինչպես նաև նրանց լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թե ընտրության և թե լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես ԱԺ խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և ԱԺ-ի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթում»:

Նրա խոսքով՝ դրա համար պետք է գաղտնի քվեարկությամբ ընդունվի ԱԺ որոշում:

«Իշխան Սաղաթելյանը 2022թ. հունվարի 17-ից առ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022թ. առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա»,- ընդգծեց Արուսյակ Ջուլհակյանը և հավելեց, որ ԱԺ խորհուրդը 2021թ. օգոստոսից առ այսօր գումարել է 25 նիստ, որոնցից Իշխան Սաղաթելյանը մասնակցել է միայն 7-ին:

«Թե ԱԺ նիստերից և թե ԱԺ խորհրդի նիստերից բացակայելով՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունը»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ նա ոչ միայն չի կատարել քաղաքացիական համերաշխության իր առաքելությունը, այլև քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք. «Իշխան Սաղաթելյանի կողմից բախումներ հրահրելու դեպքեր են արձանագրվել ս.թ. մայիսի 2-ին, 3-ին, 4-ին, 18-ին, 30-ին: Սակայն բախումներ հրահրելու Իշխան Սաղաթելյանի սերը իր ապոգեին հասավ հունիսի 3-ին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ ունի ընտրելու ԱԺ նախագահի ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, նշեց նա: