Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ավագանին վաղը հերթական անգամ արտահերթ նիստ է հրավիրել․ կմասնակցի՞ ավագանու նախորդ նիստը բոյկոտած «Ասլանյան դաշինքը»

Վանաձորի ավագանին վաղը հերթական անգամ արտահերթ նիստ է հրավիրել․  կմասնակցի՞ ավագանու նախորդ նիստը բոյկոտած  «Ասլանյան դաշինքը»
Քաղաքականություն
18:26, 05 июль 2022
Վանաձոր համայնքի ավագանին հուլիսի 6-ին, ժամը 12-ին, ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում 23 հարց է։ Ինչպես տեղեկանում ենք համայնքի պաշտոնական կայքում զետեղված օրակարգից՝ հարցերը վերաբերում են համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելուն, ինչպես նաեւ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելուն, ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու եւ համայնքի մի քանի փողոցներ հիմնանորոգելու,թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցման (երկրորդ փուլ), տիկնիկային թատրոնը հիմնանորոգելու եւ մի շարք այլ՝ 2,5 մլրդ դրամ կազմող  սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին հարցերը։

Նշենք, որ ավագանու նախորդ նիստը  հունիսի 23-ին էր,  օրակարգում դարձյալ նույն կարեւոր  հարցերն էին։ Մասնավորապես՝ այնպիսի որոշումների նախագծեր, որոնք ապահովելու էին՝  ավագանու և աշխատակազմի բնականոն ընթացքը՝ ավագանու կանոնակարգ, աշխատակազմի կանոնադրություն, համայնքի բնակիչներին ծառայությունների մատուցման իրավական նոր հիմքով կարագավորումներ՝ տեղական տուրքերի և վճարների տեսակաները և դրույքաչափերը, տեղական վճարների գծով արտոնություններ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների համար, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող կապիտալ շինարարության սուբվենցիոն թվով 15 ծրագրերի հաստատում և 2022 թվականի համայնքի բյուջեի հաստատման արդյունքում՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հնարավորություն: 

Ընդ որում, պետության և համայնքի համաֆինասավորմամբ նախատեսվում էր Վանաձոր համայնքում՝ այդ թվում նաև Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրերում իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի կապիտալ շինարարություն, ինչն աննախադեպ ծավալ է Վանաձոր համայնքի համար:

Նիստին ներկայացել էին Վանաձորի ավագանու «Քաղացիական պայմանագիր», «Ապրելու Երկիր» և ՀԱՍԿ (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) ավագանու խմբակցությունների ավագանու անդամները՝ թվով 16 ավագանիներ:

Նիստին չէին ներկայացել «Ասլանյան» Դաշինքի  և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները: 

Նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Ավագանու 33 անդամից ներկա էին 16-ը: «Նիստին ներկա ավագանու անդամները սահմանված կարգով սպասեցին 30 րոպե, ապա հայտարարեցին՝ նիստին չներկայանալով համայնքի շահը ստորադասեցին քաղաքական ու նեղ անձնական շահերին: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վ․Դոխոյանը  civic.am-ի հետ զրույցում նիստից հետո  հայտնել էր, որ ավագանու նիստը բոյկոտելու են այնքան ժամանակ, քան դեռ չկա Վարչական դատարանի որոշումը։ Նաեւ հավելել, թե  «Հայրենիք» խմբակցությունը մտադիր է մասնակցել ավագանու նիստերին՝ դատարանի արգելանքի վերացումից հետո։

«Ասլանյան դաշինքի» անդամ Կարեն Պառավյանն էլ քիչ առաջ civic.am-ի հետ զրույցում հարցին՝ մասնակցելու ե՞ք վաղվա նիստին՝ արձագանքեց․ «Այս պահին չեմ կարող պատասխանել»։ Հստակեցմանը՝ այսինքն՝ դեռեւս որոշում չունե՞ք, կարո՞ղ է մասնակցեք՝ արձագանքեց․  «Որեւէ հարցի չեմ պատասխանի»։ 

Նշենք, որ 23.12.2021 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցադիմումն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ հետևյալ պահանջների մասին․ «պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը»։

Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որով խնդրել է․

«ժամանակավորապես բավարարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը՝ պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց, մինչև սույն գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը, և/կամ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև սույն գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը»։

Դատարանը հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարել էր մասնակի, այն է՝ պատասխանողներին արգելել  համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև  սույն վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 20-ին։

Ելենա Ազատյան