Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վարչապետը տեղաշարժվում է՝ ինչպես միշտ է տեղաշարժվել․ վարչական ռեսուրսի չարաշահման պնդումները իրականանությանը չեն համապատասխանում»․ Արսեն Թորոսյան

Վարչապետի հրաժարականը միջոց է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, ինչը մենք արդեն մեկ անգամ օգտագործել ենք 2018 թվականին։ Ես կցանկանամ, որ լրատվամիջոցները հրաժարականի հանգամանքը այլ կերպ չօգտագործեն։ Վարչապետը մնալու է պաշտոնակատար մինչեւ նոր Կառավարության ձեւավորումը եւ շարունակելու է իր աշխատանքը այդ ընթացքում։ Այս մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թոսրոսյանը ասել է Sputnik Armenia-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու որոշումը լավագույնս բխում է մեր երկրի շահերից, հետեւաբար մենք բոլորս պետք է լծվենք ընտրությունների իրականացման գործին՝ լավագույնս ապահովելով ժողովրդի իշխանության ձեւավորման սկզբունքը։ 

Անդրադառնալով վարչապետի մարզային այցերի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին` Թորոսյանն ասաց․ «Վարչական ռեսուրսի չարաշահումը նախընտրական նպատակներով քննադատելի է, բայց սա նոր բան չէ՝ երկրի վարչապետը, զբաղվելով իր բնականոն գործունեությամբ, պարտավոր է հաճախ լինել ոչ միայն աշխատավայրում՝ Երեւան քաղաքում, այլ նաեւ այնպիսի տեղեր, որտեղ խնդիրներ կան լուծելու։  Վարչական ռեսուրսի չարաշահման պնդումները առնվազն իրականանությանը չեն համապատասխանում, վարչապետը տեղաշարժվում է Հայաստանում՝ ինչպես միշտ է տեղաշարժվել»։

Հարցին, թե ընտրությունների նախընտրական շրջանը որքանո՞վ կարող է նպաստել կամ խոչընդոտել գերիների վերադարձի հարցին, Թորոսյանը պատասխանեց․«Չպետք է մոռանանք, որ ունենք գերիների վերադարձման խնդիր, որը շուտափույտ լուծման կարիք ունի եւ ես վստահեցնում եմ, որ որեւէ ջանք չի խնայվում դրան հասնելու ուղղությամբ՝ հնարավոր բոլոր մակարդակներով, սկսալ երկրի վարչապետից»։

Թորոսյանը, խոսելով համաճարակային իրավիճակից, նշեց, որ ունենք համաճարակային սրում եւ պետք է անպայման միջոցներ ձեռնարկենք հնարավորինս իրավիճակը մեղմելու համար՝ մեր սեփական վարքագծով եւ վարչական մեթոդներով։ «Մենք անցյալ տարի որդեգրել ենք սկզբունք, որպեսզի կարողաղանք շարունակել մեր բնականոն կյանքը` պայքարելով դրա դեմ։ Մենք չենք կարող կանգնեցնել կյանքը եւ ժողովրդի իշխանություն ձեւավորելու իրավունքը պետք է իրագործվի այս կամ այլ կերպ՝ պահպանելով հակհամաճարակային կանոնները»։