Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտության գնացող, 2009-ին արձանագրություններ ստորագրող Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն չէր ասում «թուրք» կամ «դավաճան»»․ Հակոբ Բադալյան

«2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտության գնացող, 2009-ին արձանագրություններ ստորագրող Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն չէր ասում «թուրք» կամ «դավաճան»»․ Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
16:07, 31 март 2021
Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտության գնացող, 2009-ին արձանագրություններ ստորագրող Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն օրինակ չէր ասում «թուրք» կամ «դավաճան»: Մինչդեռ ծիծաղելի է մտածել, թե 2008 թվականի Թուրքիայի մտադրությունը Հայաստանի հանդեպ ավելլի բարի էր, քան այժմ: Բայց, ՀՅԴ չէր ասում Սարգսյանին թուրք կամ դավաճան, այլ ասում էր՝ «նախագահ, մի զիջիր», եւ պահանջում էր չգիտես ինչու արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը:

Եվ ես կարծում եմ ճիշտ էր անում, որովհետեւ պետք է Հայաստանում լինեն այդպիսի կոշտ դիրքորոշումներ եւ ավելին, չի կարող Հայաստանում չլինել Թուրքիայի հանդեպ մեղմ ասած կոշտ դիրքորոշում: Բայց, շատ կարեւոր է, որ այդ կոշտությունը լինի քաղաքական, ոչ թե մանիպուլյատիվ, զգայական: Լինի քաղաքական, որպեսզի այդ կոշտությունը օգնի պետական քաղաքականությանը, որին անհրաժեշտ է գտնել Թուրքիայի հետ խոսելու տարբերակներ ու հնարավորություններ:

Իսկ խոսելու հնարավորություն գտնել պետք է, որովհետեւ, ինչպես բազմաթիվ անգամներ նշել եմ, բոլորը խոսում են, բոլորը ունեն այդ հնարավորությունը եւ Թուրքիայի հետ անգամ բախման եզրին հասնելով, այդ խոսելու շնորհիվ կարողանում են գտնել ինչ որ լուծումներ, եւ այդ թվում նրանց հաշվին, ովքեր չունեն այդ խոսելու հնարավորությունը:


Իսկ խոսել Թուրքիայի հետ, կամ փնտրել, աշխատել այդ հնարավորությունը գտնելու ուղղությամբ, ամենեւին չի նշանակում հաշտվել Թուրքիայի հետ: Այդ հաշտությունը չի կարող լինել, քանի դեռ Անկարան առնվազն չի
 ճանաչել ցեղասպանությունն ու խնդրել դրա համար ներողություն, ես դեռ չեմ խոսում փոխհատուցման հարցերի մասին:
Բայց, հասկանում ենք, որ սա չափազանց բարդ հեռանկար է, մինչդեռ հենց սա հասկանալով է, որ Երեւանը մշտապես ասել է՝ կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերության: Այսինքն, դա հենց խոսելն է: Բայց, որպեսզի Երեւանը այդ հարցում իրենից հասանելիք առումով կարողանա լինել ճկուն, Թուրքիայի հանդեպ կոշտ դիրքորոշումները պետք է լինեն քաղաքական, այլ ոչ «թուրք» կամ «դավաճան» մակարդակի:


Այդ մակարդակի դիրքորոշումները շղթայաբար բերում են Հայաստանի սուբյեկտային կարողության էլ ավելի սահմանափակմանը, ինչն ամրացնում է հայկական հարցում ռուս-թուրքական ձեւաչափի գերիշխող դիրքը: Մի բան, որը շահեկան է նաեւ Թուրքիայի համար, առավել եւս, երբ Անկարան զգում է ՌԴ հանդեպ իր հիբրիդային առավելությունը: Նաեւ այդ պատճառով է, որ թուրքերը իրենց հռետորաբանությամբ Հայաստանում խթանում են հենց զգայական «դիսկուրսը»»: