Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Արմեն Սարգսյանն ակնարկել է, որ գուցե չստորագրի արտահերթ ընտրության հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանն ակնարկել է, որ գուցե չստորագրի արտահերթ ընտրության հրամանագիրը
Քաղաքականություն
22:13, 31 март 2021
Հունիսի 20-ին,  ըստ վարչապետի հայտարարության,  Հայաստանում   արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։  Նախագահ Արմեն Սարգսյանը, РБК-ի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե  Հայաստանում հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններ են, կարճ ասել է՝ միգուցե, հետո պարզաբանել է, որ հնարավոր  է ընտրություններն  այլ օր անցկացվեն՝ կախված ընտրական ընթացակարգերից։ «Դեռ պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում՝ վարչապետի հրաժարական, հետո այդ ամենը պետք է անցնի իմ սեղանով։ Այդ ժամանակ էլ կորոշվի օրը»,-ասել է հանրապետության նախագահը, գրում է armradio.am-ը։

Արտահերթ ընտրությունների շուրջ հանրապետության նախագահը, վարչապետն ու խորհրդարանական խմբակցությունները քաղաքական քննարկումների արդյունքում էին պայմանավորվել, իսկ օրվա՝ հունիսի 20-ի մասին , հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ ԿՀԸ–ն առայժմ չի կարող ընտրությունների անցկացման ժամանակցույց նշել, քանի որ արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։
Դրանից հետո են սկսվում ԿԸՀ-ի  գործառույթները՝ «Ռադիոլուրին» փոխանցեցին հանձնաժողովից։
Ընտրական օրենսգրքի 104–րդ հոդվածը սահմանում է ընտրական ժամանակացույցի ընդհանուր շրջանակները՝
  • Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:
  •  Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
  • Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ  են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:
  • Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:
Նախագահն այսօր РБК-ի հետ զրույցում «հնարավոր է» համարել հունիսին ընտրությունների անցկացումը։ Թե ինչու հնարավոր, պարզաբանել է․ «Հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ  ստորագրել ու գուցե չստորագրեմ, այլ որոշումն ուղարկեմ Սահմանադրական դատարան», — նշել է նախագահը, և ներկայացրել իր պատկերացումները ճգնաժամից դուրս գալու մասին։

«Նման դեպքերում շատ երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս, ստեղծվում է կա՛մ քաղաքական միասնության, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն, երբ մի շարք քաղաքական կուսակցություններ պայմանավորվում են, կա՛մ ազգային միասնություն, երբ որևէ քաղաքական գործիչ չկա, միայն արհեստավարժներ են։ Եվ այդ կառավարությունը սկսում է զբաղվել խնդիրների լուծմամբ։ Եթե Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, աշխատում է Սահմանադրության փոփոխությունների վրա, այսինքն՝ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անում, գործընթաց է լինում՝ ընդհուպ մինչև նույն խորհրդարանում որոշակի որոշումների կայացումը կամ, ասենք, գործընթաց է սկսվում, որով կպարզվի, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են այդ մասին մտածում։ Նույնը պետք է լինի Ընտրական օրենսգրքի մասով, այսինքն՝ գործընթաց պետք է լինի։ Անշուշտ, ժամանակավոր կառավարությունը պետք է հետևի այդ գործընթացներին և շատ խնդիրներ լուծի, և վերջում՝ ընտրություններ։ Նման ընտրությունների մասին դժվար կլինի ասել, որ արդար չեն եղել, որովհետև կառավարությունը, որն ուղղակի հրաժարական է տալիս, որևէ շահ չունի և ինքը չի կազմակերպել այդ ընտրությունները: Եթե մենք Սահմանադրության կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք և դրանք լուծված չեն, պետք է լուծել, հետո միայն գնալ ընտրությունների»։

Չնայած նախագահի այս հիմնավորումներին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախանշված ժամկետում արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն։  Քաղտեխնոլոգը շեշտում է՝ ընտրությունների օրը նշանակվել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կոնսենսուսի  արդյունքում։  Հունիսին է նշանակվել, որպեսզի ԿՀԸ–ն կարողանա տեխնիկապես պատրաստվել՝ ցուցակներ, ընտրական հանձնաժողովների ձևավորում։ Իսկ մինչ այդ պետք է սպասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը  ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ։   Իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով։

 Խորհրդարանը դեռ պետք է ընդունի փոփոխությունների նախագիծը։  «Ընտրությունները երկրին  պետք են անորոշությունից դուրս գալու, իսկ գործող իշխանությանը՝ լեգիտիմությունն ամրագրելու համար»,-ասում է քաղտեխնոլոգը։ Ո՞ր ուժերը հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու շանսեր ունեն։  Ըստ Բադալյանի՝ դեռ վաղ է ասել, քանի որ հստակ չէ, թե որ ուժերն են մասնակցելու ընտրություններին, բայց որ դաշինքներ կկազմվեն, Բադալյանը չի կասկածում։

Բադալյանը նշում է, որ այս ընտրությունը ոչ թե խոստումների, այլ աշխարհայացքների միջև է լինելու։

«Իշխող քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ , ներկայացված կլինի, քանի որ համակիրներ ունի։ ԲՀԿ–ն նույնպես կլինի։ Մյուսների մասով չեմ կարող ասել՝ ՀՀԿ–ն դեռ չի հստակեցնում երկու կարծիք կա, խոսակցությունների մակարդակի տիրույթում են երկրորդ նախագահի կողմից դաշինքի ձևավորումը, բայց մեկ բան հստակ է ՝ չհավատալ սոցիոլոգիական մանիպուլյացիոն հարցումներին»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Վարչապետն արդեն հանդիպումներ է անցկացնում, մյուսներն էլ եթե չեն սկսել,  սխալ հաշվարկ են արել՝ ասում է Բադալյանը և շեշտում՝ օրենքը չի արգելում այս փուլում հանդիպել քաղաքացիների հետ։