Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքն այլևս գոյություն չունի․ Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ խմբակցության ղեկավար, Տիգրան Աբրահամյանը՝ քարտուղար․ ՀՀԿ-ն նոր թեկնածուներ է առաջարկել

«Պատիվ ունեմ» դաշինքն այլևս գոյություն չունի․ Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ խմբակցության ղեկավար, Տիգրան Աբրահամյանը՝ քարտուղար․ ՀՀԿ-ն նոր թեկնածուներ է առաջարկել
Քաղաքականություն
11:38, 12 июль 2022
Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։

Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։

Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։

Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։

Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել: Նա ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել՝ շարունակելու գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ըստ հայտարարության՝ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը: