Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չկա նոր Ընտրական օրենսգիրք, կա ԸՕ փոփոխությունների նախագիծ. Խաղի կանոններն էլ չեն փոխվում. Վահագն Հովակիյանի արձագանքը Էդմոն Մարուքյանին

“Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ և խորհրդարան եք բերել ընդունելու լրիվ այլ նախագիծ: Ում եք ուզում մոլորեցնեք”,-այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար  Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով “Ընտրական օրենսգրքի” առաջարկվող փոփոխություններին:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի արձագանքի` “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ տվյալ փոփոխությամբ ինչ-որ առաջարկվում է` առկա է մեծ փաթեթում, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. “Տարբերությունը կայանում է նրանում, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ ենք առաջարկվում ընդունել”,-հավելեց նա:

Սակայն Էդմոն Մարուքյանը կրկին պնդեց, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է Նոր ընտրական օրենսգիրք, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց ցուցակ համամասնականը. “Ձեր բերած նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Երկրորդ` քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել , արտահերթ ընտրությունների հետ կապված օր է նշանակվել և օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք Ընտրական օրենսգիրքը փոխել: Այսինքն ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած փոփոխություններով, էլ ինչ անենք ձեր համար”,-հարց ուղղեց նա Հովակիմյանին:

Վահագն Հովակիմյանը այս հարցին ի պատասխան կրկին նշեց, որ գոյություն չունի Նոր ընտրական օրենսգիրք, այլ գոյություն ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ. “Խաղի կանոններ չի փոխվում` դա էլ եմ տեղեկացնում, այլ ընդամենը ընտրակարգը պարզեցվում է”: 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը: