Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հետագա բարեփոխումները կընդունվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես». Արդարադատության փոխնախարար

Համամասնական ընտրակարգի առավելությունները շատ են: Այդ ընտրակարգով խորհրդարանում  ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունն առավել ճիշտ է արտացոլում հասարակության մեջ եղած քաղաքական հայացքները: Այս մասին, այսօր ԱԺ արտահերթ նիստում, որկես Կառավարության ներկայացուցիչ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

“Մեր ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրությունների համար ներդրվել է համամասնական ընտրակարգը միաժամանակ նախատեսելով նաև տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու մեխանիզմը որպես պարզ համամասնական ընտրակարգից որոշակիորեն շեղվող դրսևորում”,-հավելեց նա: 

Քրիստինե Գրիգորյանի խոսքով մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից և արձանագրվել է, որ մեծամասնական ընտրակարգով անկախ թեկնածուները կարող են կապեր հաստատել կամ ազդել գործարարների կամ իրենց շահերը հետապնդող այլ շրջանակաների հետ:

“Քաղաքական ճնշող պահանջ կա, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն բարեփոխված պարզ համամասնական ընտրակարգով: Կառավարության համար կարևոր է արձանագրել այն հանագամանքը, որ առաջարկվող օրենսֆրական փոփոխությունը չի ենթադրում շրջանառության մեջ գտնվող ընտրական օրենսգրքի համապարփակ բարեփոխումներից հրաժարվելու նպատակ քանի որ հետագ բարեփոխումները կընդունվեն Վենետիկի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ստանալուց հետո”,-եզրափակեց նա:
 
 Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը: