Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ Քայլը» դաշինքի քաղաքական հանձնառությունն է եղել Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և վերացնել ռեյտինգային համակարգը»․ Մակունց

«Իմ Քայլը» դաշինքի քաղաքական հանձնառությունն է եղել Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և վերացնել ռեյտինգային համակարգը»․ Մակունց
Քաղաքականություն
13:35, 01 апрель 2021
ԱԺ-ն այսօր հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը:
 
Մտքերի փոխանակության ընթացքում Լիլիթ Մակունցը ներկայացրեց, թե ինչու՞ է անհրաժեշտ այս փոփոխությունները իրականացնել հիմա և ինչ ժամանակագրությամբ և հերթականությամբ է գործընթացը հասել այստեղ։ Մակունցը հիշեցրեց, որ 2018 թվականին «Իմ Քայլը» դաշինքի քաղաքական հանձնառությունն է եղել 7-րդ գումարման ԱԺ ընթացքում ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, որով կնախատեսվի ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը և պարզ համամասնական ընտրակարգի անցումը։ 

2019 թվականի հունվարին՝ ԱԺ ձևավորումից հետո, նույն  թվականի ամռանը ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ներառելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղհասարակության անդմաների, մասնագետների, ովքեր քննարկել են ընտրական օրենսգրքի նոր փաթեթը։ Մակունցը նշեց, որ 2020 թվականի աշնանը պետք է ընդունվեր նոր փաթեթը, սակայն պատերազմով պայմանավորված այն հետաձգվել է և Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել 2021թվականի փետրվարին։ Մակունցը նաև նշեց, որ խորհրդակցություններ ունենալով տարբեր քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների, մասնագետների, նախագահական ինստիտուտի հետ, եկել են եզրահանգման, որ որպեսզի ընտրական օրենսգիրքը որևէ կերպ չբարդեցնի ընտրությունների գործընթացը, որոշվեց ամբողջական փաթեթի փոխարեն ներկայացնել այս փոքր փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել միայն ռեյտինգային ընտրակարգի հետ կապված և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի և ձեռնարկել անհրաժեշտ փոփոխություններ՝ կապված կովիդի հետ։ Լիլիթ Մակունցը շեշտեց, որ սա ոչ մի կերպ չի նշանակում ամբողջ փաթեթեի ընդունումից հրաժարում և առաջիկայում դա նույնպես կդրվի քննարկման։