Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը հստակ ունի իր այլ օրակարգը և այդ օրակարգի մեջ որևէ կերպ չի մտնում մեր պետական շահը․ Արփի Դավոյան․ տեսանյութ

Ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու հռչակագիր է մշակում և նշել է, որ դրան միանալու համար այն ուղարկվելու է բոլոր քաղաքական ուժերին։ Այս և այլ հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։

«Ես կարծում եմ, որ սա ընդդիմության հերթական անհասկանալի ոչինչ չանելու ակցիներից մեկն է։ Քանի որ իրենք չունեն որևէ օրակարգ, որը կապ ունի ՀՀ-ի հետ, ՀՀ-ի պետականության հետ և ՀՀ-ի առաջնահերթությունների և ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության, իրենք ինչ-որ անհասկանալի ներքին, իրենց համար ինչ-որ մի քանի հոգու համար օրակարգ են մշակում և սկսում են դրա շուրջ աղմուկ-աղաղակ բարձրացնել՝ ասելով, որ իրենք պայքարում են հանուն ինչ-որ բաների։ Իրենք կարող են սրտաճմլիկ և հոգեցունց արտահայտություններ անել, փաստարկներ անել, սակայն իրականում դա այն դատարակությունն է որ իրենք ամեն կերպ լցնում են, բայց այդ ընթացքում ամեն ինչ անում են, որպեսզի վնաս տան ՀՀ-ին»,-ասաց Արփի Դավոյանը։

Խոսելով նաև այն մասին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ ամփոփելով իր ստրասբուրգյան այցը նշել է, որ չկա խորհրդարանական դիվանագիտություն, իսկ ԱԳՆ-ն իր տեղում չէ և մեր շահերը որևէ կերպ ներկայացված չեն, Արփի Դավոյանն ասաց, որ չի ցանկանա անդրադառնալ Իշխան Սաղաթելյանի ստրասբուրգյան արկածներին կամ հանդիպումներին, որովհետև Իշխան Սաղաթելյանը որևէ կերպ չէր գնացել ներկայացնելու ՀՀ-ի շահերը։

Իշխան Սաղաթելյանը վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ ամփոփելով իր ստրասբուրգյան այցը, ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ կա միջազգային հանրության ձևվորված պահանջ Արցախի կարգավիճակում նշաձողն իջեցնելու հարցում, դա սուտ է։ Նա նաև նշել է, որ չկա խորհրդարանական դիվանագիտություն, իսկ ԱԳՆ-ն իր տեղում չէ և մեր շահերը որևէ կերպ ներկայացված չեն։

Խոսելով նաև վերջին օրերին Հայաստան այցելած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի այցերի, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին և այդ համատեքստում ընդդիմության պահվածքի մասին, Արփի Դավոյանն ասաց․

«Որևէ դրական գործընթաց, որ տեղի է ունենում մեր պետության հետ կապված, խորհրդարանական ընդդիմությունը չի ողջունելու։ Որովհետև նրանք հստակ ունեն իրենց այլ օրակարգը և այդ օրակարգի մեջ որևէ կերպ չի մտնում մեր պետական շահը»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան