Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ոչ ոք լուրջ չի վերաբերվում Էրդողանի կամ նրա գործակատար Ալիեւի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» կեղծ առաջադրանքին, և բոլորը դեմ են նման դավադիր նախագծի իրականացմանը․ իրանահայ փորձագետ

Իրանում  ոչ ոք լուրջ չի վերաբերվում Էրդողանի կամ նրա գործակատար Ալիեւի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» կեղծ առաջադրանքին, և բոլորը դեմ են նման դավադիր նախագծի իրականացմանը․ իրանահայ փորձագետ
Քաղաքականություն
16:16, 20 июль 2022
Civic.am-ի հարցերին պատասխանում է իրանահայ  քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը։ 

-Պարոն Շահմուրադյան, տարածաշրջանում եւ մասնավորապես ՀՀ-ի շուրջ վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշակի  զարգացումներ են տեղի ունենում։ Նախորդ շաբաթ ՀՀ ժամանեց ԻԻՀ  ԱԳԽ քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը։ Այս այցին հաջորդեց ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը, այնուհետ՝ ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցը մեր երկիր։ Արդյոք այս երեք այցերը փոխկապակցված են եւ ամենակարեւորը՝ առնչվո՞ւմ են ՀՀ-ին եւ  մասնավորապես ինչ նշանակություն կարող են ունենալ այս այցերը ՀՀ-ի պետական-ազգային շահերի շոշափման, սպասարկման տեսանկյունից։ 

-Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի եւ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հատկապես Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքներում Թուրքիայի կողմից մեկնարկված պատերազմական գործողությունների սպառնալիքները և նավթի միջազգային շուկայում, ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, բավականին պայթյունավտանգ մթնոլորտ են առաջացրել Եվրասիական և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, որի աշխարհաքաղաքական հանգույցներում են հայտնվել Կովկասյան տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո խոցելի և անպաշտպան վիճակում գտնվող Հայաստանը, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանային մեծ ուժ ներկայացնող Իրանը, որը տեւական ժամանակ է՝  տառապում է հենց նույն Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից սահմանված բազմակողմանի տնտեսական ու էներգակիրների արտահանման վրա սահմանված սաստիկ պատժամիջոցներից։  Այս եւ մյուս աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական արագ զարգացումների հետևանքով Կովկասյան տարածաշրջանը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանը հայտնվել են աշխարհի մեծ տերությունների մրցակցության և նոր դաշնակիցներ ապահովելու ուշադրության կենտրոնում։

Ուկրաինայի պատերազմի ուղղությամբ ԱՄՆ-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-ՀԱՊԿ դաշինքների կազմավորկան և Եվրասիական գոտում հակառակորդին ասպարեզից հետ մղելու նպատակով առճակատվող կողմերից յուրաքանչյուրը փորձում է հիբրիդային պատերազմի կանոններով առաջնորդվելով հակառակորդի ճամբարում ճեղք առաջացնել և թուլացնել մրցակից կողմի ներազդեցությունը իր ազդեցության տակ գտնվող երկրների շրջանակում։  Դրան  պետք է ավելացնել նաև վերոնշյալ տարածաշրջաններում գոյություն ունեցող փոքր դերակատար երկրների այսպես թե այնպես որդեգրած կողմնորոշումը Արևմուտքի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի նկատմամբ, կամ նրանց ցուցաբերած հակումն ու հավատարմությունը Ռուսաստանի և նրա ստեղծած տնտեսաքաղաքական ու ռազմական կառույցների, այն է՝  ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Այստեղ է, որ կարեւորվում է ՀՀ-ի  դերակատարությունը և կողմնորոշումը  Արեւելյան կամ Արեւմտյան բլոկների վերաբերյալ, իսկ աշխարհաքաղաքական և տնտեսական մրցակցության բարդ ու ճղճիմ խաղի եռանկյունու մյուս անկյունում կանգնած է ՀՀ-ի  հարավային հարեւան  Իրանը, որը մեծ եւ ներգործոն ազդեցություն ունի Մերձավոր Արեւելքի քաղաքական ու ռազմական հավասարումներում, որի քաղաքական մարտավարության և որոշումների հանդեպ չեն կարող անտարբեր մնալ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ցանկացած դերակատար ուժ կամ դաշինք։ 

Հետեւաբար, նկատի ունենալով այս պահին ՀՀ-ի  գերզգայուն պայմանները, թե՛ որպես ՌԴ-ի  ավանդական ազդեցության գոտում գտնվող երկիր, որը պատերազմից հետո փորձում է բազմակողմանի եւ բազմաբնույթ մարտավարություն վարելով իր հարաբերությունները կարգավորել  տարածաշրջանի հարեւան, բարեկամ կամ նույնիսկ թշնամի երկրների հետ, եւ թե՛ նոր բարեկամներ ապահովել Արեւմտյան երկրների շրջանակում,  որպեսզի կարողանա դուրս գալ տնտեսական շրջափակումներից, աշխարհաքաղաքական կաշկանդող վանդակից եւ ամոքել պատերազմի հասցրած ծանր վնասները, նույնքան կարևոր դերակատարություն է ստացել աշխարհի մյուս դերակատար ուժերի համար իր աշխարհագրական դիրքով։ Հայաստանը կարող է նշանակալի եւ ազդեցիկ դերակատարություն ունենալ Իրանի համար իր էներգակիրները և այլ արդյունաբերական կամ գուղտնտեսական ապրանքները  իր տարածքով դեպի Եվրոպայի պահանջված շուկաները տեղափոխելու համար։ 

Հենց այս բոլոր դիտարկումների համատեքստում էլ կարող ենք գնահատել Իրանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ազգային անվտանգության և հետախուզական ամենբարձր մակարդակի պաշտոնատարների այցը Հայաստան, որը մի կողմից կարող է ռիսկեր պարունակել Հայաստանի համար հետագա կողմնորոշումների և տարածաշրջանային պայթյունավտանգ պայմաններում, իսկ մյուս կողմից ճիշտ լարախաղացության և հավասարակշիռ, բազմակողմանի քաղաքականություն որդեգրելու դեպքում կարող է  սպանալիքները վերածել հնարավորությունների,  որոնք կարող են կայունություն և անվտանգություն ապահովել Հայաստանի համար։ 

-Երեկ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Թուրքիայի նախագահ  Էրդողանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է․ «Եթե որոշակի քաղաքականություն հետապնդվի, որը նպատակ կունենա փակել Իրան-Հայաստան սահմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդդիմանալու է դրան...»: Իրանի հոգեւոր առաջնորդը գրեթե նույն տեքստն արտաբերել է նաեւ  ՌԴ նախագահ  Վ ․Պուտինի հետ երկխոսության ժամանակ։  Ի՞նչ ուղերձ են պարունակում  ԻԻՀ հոգեւոր առաջնորդի այս խոսքերը՝  ՀՀ-ի դաշնակից պետության ղեկավարին եւ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ մտած, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը պարբերաբար շրջանառող  Թուրքիայի նախագահին։ Արդյո՞ք այս հայտարարությունները  վկայում են այն մասին, որ որոշակի զարգացումներ են տեղի ունենում  ՀՀ Սյունիքի մարզի շուրջ եւ այս համատեքստում էլ Իրանի հոգեւոր առաջնորդը  խոսում է Իրան-Հայաստան սահմանի մասին։ 

-Նշեմ որ երեկ  Այաթոլլահ Խամենիի հայտարարությունն իր բովանդակությամբ ու շեշտադրությամբ պետք է եզակի բնութագրել ու գնահատել՝  որպես Իրանի հստակ մոտեցումն ու դիրքորոշումը ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլ նաև Մերձավոր Արևելքի զարգացումների, մասնավորաբար՝ Սիրիայի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Ավելին՝ նշեմ, որ Իրանում քաղաքական, պետական ու փորձագիտական լայն շրջանակներում ոչ ոք լրջորեն չի վերաբերվում Թուրքիայի նախագահ Էրդողանի կամ նրա գործակատար՝ Ադրբեջանի  նախագահ Ալիեւի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» կեղծ ու անհիմն առաջադրանքին, և բոլորը միանշանակ դեմ են նման դավադիր նախագծի իրականացման միտումներին տարածաշրջանում՝ ում կողմից էլ որ այն լինի։  Իրանի գերագույն առաջնորդը  նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ  Հայաստանի հետ սահմանների բաց պահելը Իրանի իսլամական հանրապետության եւ համակարգի «կարմիր գիծն» է  եւ այդ հարցով Իրանը պատրաստ չէ որեւէ տերության հետ գործարքի գնալ։

Կարծում եմ Այաթոլլահ Խամենեիի կտրուկ ու շեշտադրված հայտարարության հասցեատերերը լավ ըմբռնեցին Իրանի հստակ մոտեցումը այդ և այլ հարցերի վերաբերյալ և այսուհետ ավելի չափավոր ու զգույշ պետք է լինեն թե՛ իրենց  քայլերով, թե՛ գործողությամբ՝ կապված Իրանի կարմիր գծերը հատելու անխոհեմ քաղաքականության հետ։    

-Թեհրանում, Էրդողանի հետ հանդիպմանը, Պուտինը կարեւորել է նաեւ «ղարաբաղյան խնդրի կարգավորումը»։  Ռուսաստանի նախագահի շեշտադրումը կարեւոր է`Բաքվից հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե ԼՂ խնդիր այլեւս գոյություն չունի։ Հենց Թեհրանում այսպիսի  շեշտադրումը Թուրքիայի նախագահի հետ զրույցում արդյոք պատահակա՞ն է։ Ի՞նչ դերակատարում  եւ ներգրավվածություն կարող է ունենալ  Իրանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ առկա ստատուս քվոյի պայմաններում։  

-Կարծում եմ Պուտինի հայտարարությունը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, այն էլ՝ Էրդողանի ներկայությամբ, երկիմաստ բովանդակություն է պարունակում։ Նախ այն, որ Թուրքիայի հետ կայացած թաքուն համաձայնության ֆոնին Պուտինը ուզում է իր բարեկամ գործընկերոջը հասկացնել, որ Սիրիայի հարցում որոշ զիջումների գնալու դեպքում եւ Ուկրիայնայի պատերազմի հետ կապված Անկարայի ռուսամետ կողմնորոշման դեպքում ՌԴ-ն  պատրաստ է ի նպաստ Ադրբեջանի՝ Հայաստանի ու ԼՂ-ի հայերի հաշվին զիջումների գնալ Թուրքիայի օգտին։  Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հասկացնել, որ իր արևմտյան գործընկերներին փոխանցի այն ուղերձը,  որ Ուրկաինայի հարցով ՌԴ-ի վրա գործադրվող ճնշումները սաստկացնելու դեպքում, առայժմ Ռուսաստանի ձեռքում գտնվող  ԼՂ կարգավորման կարգավորման մանդատը կարող է օգտագործել նախ Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի դեմ՝ որպես զսպիչ ուժ և փորձել նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներին հեռու պահել ԼՂ հարցից,  նրանց կրկին նախազգուշացնել Կովկասյան տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման և նրանց ուղղակի կամ անուղղակի ներգրավածության ռիսկերի մասին։ 

Իսկ ի՞նչ  դերակատարում  եւ ներգրավվածություն կարող է ունենալ Իրանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ առկա ստատուս քվոյի պայմաններում․ պետք է նշել, որ Իրանն առայժմ կողմ է ՌԴ ուժերի ներկայությամբ ԼՂ-ում ստատուս քվոյի ռեժիմի պահպանմանը, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դա բխում է Իրանի շահերց։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԳՀԾ-ի (Իրանի միջուկային ծրագիր-խմբ․) հետ կապված բանակցությունների հարցով Իրանը կարիք ունի ՌԴ-ի աջակցությանը և մասամբ նաեւ կաշկանդվում է պուտինյան Ռուսաստանի նվաճողական քաղաքականության դեմ քայլեր ձերնարկել։  Սակայն երեկ Էրդողանի և Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ, ինչպես ասվեց, ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բաց տեքստով հայտարարեց Իրանի ընդհանուր մոտեցումը Հայաստանի հետ սահմանների պահպանման ու տարածքային փոփոխությունների անընդունելիության վարաբերյալ։ Այաթոլլահ Խամենեին իրանական դիվանագիտությանը բնորոշ լեզվով Թեհրանում հյուրընկալվող երկու հարեւան պետությունների ղեկավարներին, մասնավորաբար Թուրքիայի նախագահ Էրդողանին հասկացրեց, որ Իրանը կառուցողական մոտեցում է որդեգրել նախքան 44-օրյա պատերազմը ՀՀ-ի ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների հանձնմանը Բաքվին և կողմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ցանկացած ջանքերին։ Իսկ եթե Էրդողանի ախորժակն ու պատերազմատենչ ձգտումները չեն բավարվում Ադրբեջանին հանձնված տարածքներով, ապա դա այլ հարց է և այստեղ Էրդողանը և նրա ղեկավարած Թուրքիան պետք է պատասխան տան իրենց հետագա ցանկացած արկածախնդրական կամ տարածաշրջանը ապակայունացնող յուրաքանչյուր գործողության համար։ 

Հեղինե Մանուկյան