Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ հանձնաժողովը քննարկել է երկու օրենքում լրացումների և փոփոխությունների նախագծեր

Արցախի ԱԺ հանձնաժողովը քննարկել է երկու օրենքում լրացումների և փոփոխությունների նախագծեր
Քաղաքականություն
22:18, 20 июль 2022
 Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 20-ին կայացած նիստին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյան:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, օրակարգում  եղել է երկու նախագծերի քննարկում, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

«Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտել են, որ այն  բխում է  Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն»  ստեղծելու անհրաժեշտությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Ըստ աղբյուրի՝ նախագիծը  երրորդ անգամ է քննարկվում  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով էլ՝ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով: Նա մատնանշել է, որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Քննարկվել են  նաև օտարերկրյա բուհերում ուսանելու  ռազմավարության, գիտամեթոդական կառույցների գործունեության անհրաժեշտության, դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր»,- Արցախի ԱԺ-ից:
Նշվում է, որ որոշվել են խնդրի շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել: