Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միշտ ասում էինք, որ մեր միակ կայացած ոլորտը բանակն է, իրականում այնպես չի լինում, որ կաթսայում մի տեղ ջուրը եռա»․ Ռուբեն Բաբայան

Civic.am-ն այսօր զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ 

Բաբայանը գտնում է, որ երկրում ստեղծված ատելության մթնոլորտը, քաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի, եթե մենք ընտրությունների գնանք ոչ թե իրար պիտակավորելով, վիրավորելով, մեղադրելով, այլ ծրագրեր ներկայացնելով։

Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ երկրում բացակայում է բովանդակային քննարկումը։ Ռեժիսորը գտնում է, որ շատ բան կախված է հասարակությունից։ Հասարակությունը պետք է պարտադրի կուսակցություններին մտնել բովանդակային դաշտ։ «Եթե յուրաքանչյուր խավ, ելնելով իր ոլորտի շահերից, փորձի ստանալ պատասխաններ, իսկ պատասխաններ ստանալու համար պետք է փորձել ձևավորել հարցեր, մենք կստանանք շատ ավելի որակյալ ընտրություններ, որովհետև այդ ժամանակ, այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են, ստիպված կլինեն մտնել բովանդակային դաշտ», - ասաց Ռուբեն Բաբայանը։

Ռեժիսորը նշեց, որ կան գլոբալ հարցեր, որոնց պետք է պատասխանեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին։ Առաջինը երկրի սուվերենության հարցն է։ Երկրորդը՝ մեր բնակչության անվտանգությունն է, երրորդը՝ Արցախի հարցը։ Մենք, ըստ Բաբայանի, շատ երկար ժամանակ ինքներս մեզ խաբել ենք, ասելով, որ մեր երկրում հնարավոր է ինչ-որ ոլորտում առաջընթաց ունենալ մյուս ոլորտների քայքայված լինելու ֆոնին։

«Մենք միշտ ասում էինք, որ մեր միակ կայացած ոլորտը բանակն է։ Իրականում այդպես չի լինում։ Իրականում այնպես չի լինում, որ կաթսայում մի տեղ ջուրը եռա։ Այն կամ եռում է ամեն տեղ, կամ՝ չի եռում։ Բանակը կապված է և՛ քո դիվանագիտության հետ, և՛ քո գիտության հետ, և՛ տնտեսության, արդյունաբերության հետ։ Դրանք մեկը մյուսի հետ կապված են։ Այնպես որ այս ամեն ինչը կոմպլեքս մոտեցում է պահանջում», - նշեց Բաբայանը։

Ըստ Ռուբեն Բաբայանի, ժամանակն է, որ հասարակությունը մի քիչ ավելի սթափ մոտենա տարբեր հարցերի։ Այս համատեքստում հասարակությունը նույնպես պետք է պատրաստվի ընտրություններին։

«Դեռ տարիներ առաջ, ես ասում էի, որ արդար և ազատ ընտրություններն իրականում ոչ թե այն բանի համար են, որպեսզի մենք ընտրենք լավ իշխանություն, այլ նրա համար, որպեսզի հասարակությունն իր պատասխանատվությունը զգա»,- նշեց Բաբայանը։ 

Ռուբեն Բաբայանի համոզմամբ, պետք է հասկանալ, որ ընտրությունը մեծագույն պատասխանատվություն է, և այն մարդիկ, ովքեր նշում են, որ չեն մասնակցելու ընտրություններին, որովհետև ոչ մեկին չեն վստահում, պետք է հասկանան, որ նման որոշում կայացնելով իրենք իրենց զրկում են բարոյական իրավունքից՝ քննադատելու և բողոքելու։ Այդ ընտրությունը ևս ընդունելի է՝ չմասնակցել ընտրություններին, բայց այդ ժամանակ բողոքելու և քննադատելու իրավունք այդ մարդիկ չունեն։

«Եթե ես իմ երկրի տերն եմ, ապա հասկանում եմ, որ չկան իդեալական կուսակցություններ, չկան իդեալական մարդիկ, որ նաև ես պատասխանատու եմ այն փոքրիկ միջավայրի համար, որն իմ շուրջ ձևավորվում է»,- նկատեց Բաբայանը։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորման անհրաժեշտությանը, Բաբայանը նշեց, որ եթե համախմբումը լինում է հանուն ինչ-որ բանի, այն միշտ ողջունելի է, իսկ եթե ընդդեմ՝ ապա այդ միավորումը երկար կյանք չի ունենալու։

«Լավ է, երբ ընդդիմությունը լինում է տարբեր։ Որովհետև, եթե ես չեմ ուզում ընտրել իշխանությանը, ապա կկարողանամ հասկանալ ումի՞ց ընտրել։ Որովհետև, եթե սոցիալիստները, ազատականները, բոլորը միավորվում են ու շիլա-փլավ է դառնում, ես շատ դժվար եմ կողմնորոշվում։ Ես այդ ժամանակ առաջնորդվում է մերժելու գաղափարով, որն անարդյունավետ է։ Ես ուզում եմ մերժել ինչ-որ բան՝ հանուն ինչ-որ բանի, բայց ես պետք է իմանամ հանուն ինչի», - ասաց Ռուբեն Բաբայանը։

Խոսելով նախկին նախագահների՝ օրեր առաջ կայացած հանդիպման մասին, Բաբայանն ասաց, որ ինչպես երեք ամիս առաջ է ասել, շատ կուզեր, որ նման հանդիպում լիներ 2018 թվականին, և որ իրենք դիմեին մեր հասարակությանը կոչով՝ նկարագրել Լեռնային Ղարաբաղի գործընթացի իրավիճակը։

«Հիմա բոլորը խոստովանում են, որ ուզում էին գնալ զիջումների, բայց մենք հիշում ենք չէ՞, թե ինչ էր կատարվում չորս տարի առաջ, ինչ պիտակներ էին փորձում կպցնել բոլոր նրանց, ովքեր կխոսեին փոխզիջումներից։ Այդ ժամանակ, եթե լիներ նման հանդիպում, կոչ, դա կապացուցեր, որ պետական շահը շատ ավելի կարևոր է, քան անձնական և քաղաքական շահը»,- ասաց Բաբայանը։

 
Վովա Հակոբյան