Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահներն արգելում են օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների եւ կազմակերպությունների մուտքը Արցախ

Ռուս խաղաղապահներն արգելում են օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների եւ կազմակերպությունների մուտքը Արցախ
Քաղաքականություն
22:48, 01 апрель 2021
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը օտարերկրյա քաղաքացիներին, լրագրողներին, բարեգործական եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելում են մուտք գործել Արցախ. գրում է aravot.am-ը:

Լրագրողը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ուղղված գրավոր հարցման մեջ նշել է․ «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մերժում են օտարերկրյա մի շարք քաղաքացիներին եւ կազմակերպության ներկայացուցիչներին Արցախ մուտք գործել՝ հղում անելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Մերժվածների թվում են նաեւ բարեգործական կազմակերպություններն ու բժիշկներ, որոնց կարիքն այսօր Արցախը շատ ունի։ Ո՞ր փուլում է այս խնդրի լուծումը»։

Ի պատասխան լրագրողի հարցմանը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրավոր տեղեկացրել է․ «Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է ընդամենը մի քանի ամիս առաջ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված 2020 թվականի նոյեմբերի 9-ին հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունը եւ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովը տարածաշրջանում իրավիճակի կայունացման հիմք են դնում։ Շփման գծի երկանքով եւ Լաչինի միջանցքում տեղակայված խաղաղապահ ուժերն ապահովում են անվտանգությունն իրենց պատասխանատվության տակ գտնվող գոտում։ Անշուշտ, տարածաշրջանում պահանջված են ՄԱԿ-ի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար աշխատանքները։ Նրանց աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խաղաղապահ գործողության տարածք մուտք գործելու կարգ: Մասնավորապես, դա ենթադրում է՝ ռուս խաղաղապահներին նախօրոք եւ պատշաճ տեղեկացում նման ուղեւորությունների մասին։ Այդ մասին է տեղեկացվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը։ Հետեւաբար, ձեր հարցումը նախեւառաջ պետք է հասցեագրել պաշտոնական Երեւանին եւ Բաքվին»։