Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի փողոցներում Արցախ փրկող ընդդիմության համակիրը վախենում է «գերի ընկնել» և հրաժարվում է մասնակցել ՊՆ եռամսյա հավաքին՝ դասալքության բացահայտ քարոզ տանելով

Երեւանի փողոցներում Արցախ փրկող ընդդիմության համակիրը վախենում է «գերի ընկնել» և հրաժարվում է մասնակցել ՊՆ եռամսյա հավաքին՝ դասալքության բացահայտ քարոզ տանելով
Քաղաքականություն
18:30, 29 июль 2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի։ Վարժական հավաքներում կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Հավաքներին կներգրավի նաև 134 միավոր տրանսպորտային միջոց։

Եռամսյա հավաքներին մասնակցելու դեմ, ինչպես հայտնի է, բողոքում են մասնավորապես խորհրդարանական ընդդիմության եւ նրանց հետ ասոցացվող կառույցների ներկայացուցիչները՝ ջահելից մինչեւ ոչ այնքան ջահել եւ ահել։ Փաստորեն, հայրենիքի, Արցախի փրկության դրոշի ներք Երեւանի փողոցներում տոչորվող, եռամսյա հավաք-հանրահավաքներ անող հայրենի ընդդիմությունը դեմ է հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու համար իրականացնող եռամսյա վարժական հավաքներին։ Եթե ուշադիր եք եղել այդ հավաքներին ընդդիմացողների փաստարկներին, ապա դրանք հիմականում հետեւյալն են՝ այսպիսով իշխանությունը թիրախավորում է ընդդիմությանը եւ փորձում վրեժ լուծել իրենցից՝  չկայացած հայրենափրկիչներից։ Երիցս ճիշտ է Իշխան Սաղաթելյանը, երբ հայտարարում է, թե իշխանության եւ իրենց օրակարգերը հատման եզրեր չունեն, այս դրվագով եւս ապացուցվում է այդ օրակարգերի, եթե կուզեք՝ «եռամսյաների» բովանդակային, որակական տարբերությունը․ մի դեպքում հայրենիքը փրկում են՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց հրաժարվելով, այդ պարտքի կատարումը իշխանության կողմից «վրեժ» դիտարկելով՝ իրենց ողջ ռեսուրսն ու կարողությունները կենտրոնացնելով երկիրը մտացածին վտանգներից՝ թրքացումից փրկելու ուղղությամբ, մյուս դեպքում երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումներ են իրականացվում, նաեւ՝ վարժանքներ կազմակերպվում՝ հայրենիքի պաշտպանության գործում անհրաժեշտ ռազմական  գիտելիքները թարմանելու եւ հարկ եղած դեպքում կիրառելու նպատակով։ 

Վարժանքներին մասնակցելուց հրաժարվելը՝ դասալքությունը հիմնավորելու համար, պարզվում է, կա եւս մեկ իռացիոնալ փաստարկ՝ այս իշխանությունը դավաճան է, եւ հետեւապես՝ «դավաճանի հրամանը ենթակա չէ կատարման»։ Հիշյալ  փաստարկի հեղինակը «հայերին ցեղասպաններից պաշտպանող, թուրքերի դեմ կռված Վահան Չերազի, Սարգիս Ճեպեճիի, Հարություն Խաչատրյանի ժառանգ», Իշխանյան գերդաստանի ներկայացուցիչ, հունիսի վերջին վարժանքներին մասնակցելու ծանուցագիր ստացած Հովհաննես Իշխանյանն է, որը ռազմահայրենասիրական մի տրակտատ է երկնել ֆեյսբուքում եւ «հատիկ-հատիկ» հիմնավորել է, թե ինչու է ինքը հրաժարվում մասնակցել այդ վարժանքներին։ «Բանակի հավաքներին մասնակցելը անհրաժեշտ է ցանկացած պահեստազորի՝ գիտելիքները վերականգնելու համար, բայց ոչ դավաճանի հրամանատարության տակ անցնելով, իհարկե։ ․․․Որեւէ դատ, որեւէ պատիժ չի կարող կիրառվել դավաճանի հրամանը չկատարելու համար։ Հանուն մեր նախնիների, հանուն մեր նահատակների, հանուն ապրողների և հաջորդների»,-հոխորտացել է կրտսեր, հետն էլ շարքային Իշխանյանը՝ ահազանգելով․ «Որևէ երաշխիք չկա, որ հայ պահեստազորին չի հանձնի գերի ու թողնի, որ մի երկու, երեք տարի սպասեն։ Ավելին, կա վստահություն, որ այդպես է անելու։ Կա վստահություն, որ այդ երևույթը հայկական բանակը դարձրել է պատժամիջոց։ Նրանք եռամսյա հավաքներին են ուղարկում նրանց, ովքեր պահանջում են դավաճանների դատաստանը»։ 

Մինչ իրավապահները կզբաղվեն վերջինիս գրառմամբ ու համապատասխան միջոցներ կձեռնարկեն օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար, հիշեցնենք, որ դասալքության դրդող նմանատիպ՝  իշխանյանական ոճի կոչեր հնչեցվում էին նաեւ 44-օրյա պատերազմի օրերին, մարտի դաշտում, եւ դրանց մասին առաջին անգամ ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին կատարած  իր ֆեյսբուքյան գրառմամբ։ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»,-մասնավորապես գրել էր վարչապետը՝ հավելելով, թե «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում»:

Նշենք, որ ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այլեւս «ազատ», «անկախ», հետն էլ՝  ընդդիմադիր  նախագահ Թագուհի Թովմասյանն էլ էր միացել վերոհիշյալ հավաքների թեմայով ահազանգ հնչեցնղներին՝ իր հերթին կոչնակ հնչեցնելով։  Հավատարիմ իր քնարին՝ տիկին Թովմասյանը  իր ֆեյսբուքյան գրառման մեջ վարժանքներին մասնակցելու   ծագուցագրեր ուղարկելը որակել էր «մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ», ավելին՝ «ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատում»։  «Դատելով «ահազանգերից», նման ծանուցագրեր են ստացել Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդին, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանն ու «այսպես շարունակ»,-սրտի կսկիծով գրել էր Թովմասյանը՝ միաժամանակ հավելելով, թե «ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները»։ Սակայն, ինչպես պարզվեց, տիկին Թովմասյանը ընդդիմադիրներին ծանուցագրեր ուղարկելու դարդով տապակվող միակ ընդդիմադիր պատգամավորը չէ։

Ինչպես օրերս ԱԺ-ում հայտարարեց  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ մեկ  պատգամավոր՝ ընդդիմությունից, «երեւի շփոթել է, որ այլեւս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի կամ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել է  գլխավոր զինկոմին եւ հարցադրումներ է արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին»։  Պապիկյանը շեշտել էր, որ այդպիսի կոչերը ենթադրելու են նաև իրավական պատասխանատվություն, ապա հավելել՝ դուք ՀՀ քաղաքացի եք, գնացեք եւ մասնակցեք եռամսյա հավաքներին։ 

Civic.am-ը  հիշյալ հավաքների առնչությամբ մի շարք հարցեր է հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, հարցման  պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։  

Իսկ մինչ այդ Հովհաննես Իշխանյանին եւ նրա գրառումը «լայքած», տարածած օգտատերերին հիշեցնենք, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, եւ զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար: Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի: Պահեստազորի եռամսյա հավաքներից խուսափողներին սպառնում է մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում։


Հեղինե Մանուկյան