Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը հերքել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում «Իսկանդերի» գործածումը

Կրեմլը հերքել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում «Իսկանդերի» գործածումը
Քաղաքականություն
16:16, 02 апрель 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում. հաղորդում է interfax.ru-ն:

«Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող է հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, հայտնաբերել է ադրբեջանական զինուժը»,- հայտնել է   Պեսկովը:

«Որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկություն է: Ինձ հայտնի չէ՝ արդյո՞ք զեկուցվել է զինվորականների միջոցով (այդ մասին տեղեկատվությունը նախագահ Վլադիմիր Պուտինին-խմբ.), արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն», - ասել է նա լրագրողներին:

Պատասխանելով հարցին՝ «Իսկանդեր» գործածվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է. «Հիշո՞ւմ եք «Իսկանդերի» հետ պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»:

Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև՝ Կրեմլը պատկերացում ունի այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել «Իսկանդերի» հրթիռը, որի բեկորների մասին հայտարարել է Բաքուն: «Ոչ, մենք տեղեկություն չունենք»,- ասել է Պեսկովը: