Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱԿ-ը, ՔՈ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»՝ առանց ռեյտինգայինի ընտրության մասին

ՀԱԿ-ը, ՔՈ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»՝ առանց ռեյտինգայինի ընտրության մասին
Քաղաքականություն
18:16, 02 апрель 2021
ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ռեյտինգային ընտրական համակարգը վերացվում է և անցում է կատարվում պարզ համամասնական ընտրակարգին։ Եթե ՀՀ նախագահը ստորագրի նախագիծը, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով։ 

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ-ի փոփոխություններին, ասաց․ «Ռեյտինգային ընտրակարգը վերացնելը մեր պահանջներից մեկն էր»: 

Մեր հարցին՝ արդյոք կա՞ որոշում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ մի քանի օրից նախատեսվում է կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ պարզ կլինի՝ կմասնակցեն, թե՝ ոչ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանն ընդգծեց, որ մինչև 2018թ.-ը իրենց համար՝ որպես անհատներ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները եղել են գերկարևոր։ «Երբ 2018թ.-ին ԸՕ-ի փոփոխությունները մտել էին հանրային օրակարգ՝ մեր ակնալիքն այն էր, որ մինչև 2018-ը ձևավորված լայն հանրային համոզմունքը, որ մենք այդտեղ խնդիր ունենք՝ շատ արագ պետք է իրավական ուժ ստանա»։

Ըստ Նահապետյանի՝ այս պահին մենք ունենք ամենավատ և ամենաանորոշ քաղաքական համակարգը․ «Բայց, բնականաբար, համամասնական ընտրակարգի անցումը ողջունելի է, լավ չէ, որ մյուս փոփոխությունները ևս չարվեցին նախքան ընտրությունները»։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասաց, որ կուսակցությունը վաղուց էր խոսել դրա մասին, որ ռեյտինգայինը հանելը նորմալ է դիտում։ «Մեր տեսակետը ժամանակին էլ արտահայտել ենք, բայց իշխանությունը օրենք է հանում, օրենք է փոխում․ մեր օրակարգում ընտրություններ չկան, օրենսդրական պահանջվող գործընթաց չի եղել: Չեղած բանի մասին չի կարելի խոսել»,- հայտարարեց ՀՅԴ-ականը:

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էլ նշեց, որ հայտարարված ընտրություններից մի քանի ամիս առաջ ԸՕ-ում կառուցվածքային առումով խաղի կանոնները փոխելը անընդունելի է և առհասարակ, միջազգային պրակտիկային հակասում է։ «Իսկ փոփոխության մասով դեռ քննարկում չի եղել, քանի որ այն եղել է երեկ»,- հավելեց նա:

Թեմայի վերաբերյալ ՀՀԿ կարծիքը չհաջողվեց ճշտել, չնայած հենց նրանց նախաձեռնությամբ էր ներդրվել ռեյտինգային համակարգը։ Փորձեցինք զրուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, սակայն նա ասաց, որ հեռախոսով մեկնաբանություն չի տալիս, իսկ մյուս ՀՀԿ-ականները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն երեկ չեն մասնակցել ԸՕ-ի փոփոխման քվեարկությանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախկինում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ նոր ԸՕ-ի շուրջ բովանդակային քննարկման դաշտ չի մտնելու և իրենց համար սկզբունքորեն միևնույն է՝ հին, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով կգնան այս ընտրություններին։

Իսկ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե իշխանությունը բերում է մի ընտրակարգ, որով առաջին համարը՝ վարչապետը, նշանակելու է պատգամավորներ իր դասընկերներին, ընկերներին և իր մոտ աշխատած լրագրողներին։

Գեղամ Ադյան