Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ Մոսկվան կնկատի իրեն և կօգնի Փաշինյանից ստանալ իշխանությունը․ քաղաքագետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ Մոսկվան կնկատի իրեն և կօգնի Փաշինյանից ստանալ իշխանությունը․ քաղաքագետ
Քաղաքականություն
20:12, 02 апрель 2021
Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով  Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, դրանում հնչեցված մտքերը ուղղակիորեն կապված էր 5 նախագահների վերջին հանդիպման հետ և ավելի շատ ուղղված էր Մոսկվային։

«Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը նշանակում է, որ 5 նախագահները քննարկել են Հայաստանի ապագա իշխանությունների հարցը, նրանք բոլորն էլ չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններում վերարտադրվի։ Դրա ապացույցները շատ են նրանց հրապարակային  դիրքորոշումներում։ Բայց նաև այն տպավորությունն ունեմ, որ այդ տեքստն ավելի շատ արտաքին լսարանի համար էր, առաջին հերթին՝ Մոսկվայի համար էր, որ տեսե՛ք, ես շատ հետևողականորեն այս դիրքորոշումն  եմ ունեցել և խնդրում եմ չանտեսել իմ հայտը»,- ասաց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը, թե հայտը առաջիկա ընտրություններին է վերաբերում, Սաֆարյանը պատասխանեց, որ 5 նախագահներն էլ ընտրությունների հետ կապված առանձնապես մեծ հույսեր չեն փայփայում՝ տեսնելով հասարակության վերաբերմունքը իրենց նկատմամբ։ 

«Հետևաբար՝ ավելի շատ արտաքին միջամտութամբ իշխանության փոխանցման մասին է խոսքը, քանի որ Տեր-Պետրոսանն իր նախավերջին հայտարարությամբ հենց դա էր առաջակել Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունը փոխանցել և անվտանգության երաշխիքների դիմաց բացակայել երկրից։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը, ինչպես և Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պատկերացնում են իշխանության փոխանցում ոչ թե ժողովրդի ընտրությունների միջոցով, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ մեկին։ Հիմա ակնհայտորեն երկու նախկին նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համոզվեցին, որ իրենք անկարող են Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնել իշխանությունը, իսկ վերջինս էլ ցանկություն չունի դա փոխանցել նրանց։ Դրա համար իրենց հույսը մնացել է Տեր-Պետրոսյանը, և հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը նրան կփոխանցի իշխանությունը իր անվտանգության երաշխիքների դիմաց։ Այլապես, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, շատ վատ բաներ են լինելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե Տեր-Պետրոսյանը այս համատեքստում հույս ունի, որ Մոսկվան կնկատի իրեն, իր հետևողականությունը ղարաբաղյան խնդրի լուծումը ամբողջությամբ ռուսական դաշտում պատկերացնելու առումով և կօգնի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իշխանությունը սահուն փոխանցի իրեն։

«Սա է իմ ընդհանուր տպավորությունը»,- ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն հոդված էր հրապարակել ilur.am-ում, որտեղ խոսում էր Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դերի մասին։

«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում», որը, ըստ նրա, «տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների և թե՛ օրվա իշխանությունների կողմից»: «Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Արփի Հարությունյան