Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե չլիներ Ռուսաստանի շահագրգռվածությունը տարածաշրջանում ստատուս քվոն խախտելու և նորը ստեղծելու՝ այս պատերազմը չէր լինի»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Civic.am-ի այսօրվա հյուրը պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է։

«Նույնիսկ այս աղետալի պատերազմը, պարտությունը չի բերել այն վիճակին, որ մենք ավելի լայն կոնտեքստում հասկանանք՝ մեզ հետ ի՞նչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանանք հասկանալ, թե մեզ ի՞նչ է սպասվում ապագայում։ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի եղել միայն հայ-ադրբեջանական։ Սա միշտ եղել է առնվազն Ռուսաստանի ներգրավվածությամբ կոնֆլիկտ։ Պատերազմը հնարավոր չէր միայն  Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Իհարկե Ադրբեջանի դերը այստեղ չի կարելի թերագնահատել, իհարկե Ալիևը շատ հետևողականորեն այս քաղաքականությունը վարում էր, ինքը պատրաստվում էր այս ռևանշին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չլիներ Ռուսաստանի որոշակի շահագրգռվածությունը տարածաշրջանում հին ստատուս քվոն խախտելու և նոր ստատուս քվո ստեղծելու՝ այս պատերազմը չէր լինի, և այստեղ առիթից օգտվելով Թուրքիան էլ մտավ այս ճեղքի մեջ։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանի թողտվությամբ»,- զրույցի սկզբում նշեց Տեր-Աբրահամյանը։

Մեր թիվ մեկ խնդիրը, ըստ պատմաբանի, պետք է լինի Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն հաստատելու գոնե փորձը, որպեսզի Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ մենք էլ փորձենք գոնե փոքրիկ դեր ունենալ, փոքրիկ խաղ ունենալ, իսկ դրա համար մեզ պետք է առնվազն երկկողմանի հարաբերություն և՛ Ռուսաստանի հետ, և՛ Թուրքիայի։

Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ քիչ է հավանականությունը, որ հայաստանյան քաղաքական ուժերը նախընտրական շրջանում կխոսեն լուրջ թեմաներից, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններից, և քաղաքական ուժերի մեծ մասը, կարծես, բոյկոտում է այս թեման. «Եվ երբ այս թեման բարձրացվում է՝ արժանանում է սուր հակազդեցության։ Բայց պետք է հարց հնչեցվի՝ իսկ ընդհանարապես շանս կա՞, որ մենք հիմա այս թեմայից խուսափենք։ Արմատապես իրավիճակ է փոխվել և Թուրքիան մտել է տարածաշրջան։ Այս փաստը կա և այս փաստի հետ հնարավոր չէ հաշվի չնստել»։

Անդրադառնալով ռուսական խաղաղապահների ներկայությանը Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ խաղաղապահ զորքը պետք է իր ներկայությունը արդարացնի, հետևաբար՝ իրենց մանր սադրանքներ, բախումներ են պետք գալու։

Արտահերթ ընտրությունները՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհ, Հրանտ Տեր-Աբրահամյանը չի տեսնում, որովհետև քաղաքական ուժերի մեծամասնությանը ձեռնտու է փոխադարձ մեղադրանքներով, համարյա քաղաքական հայհոյանքներով սրել իրավիճակը, որպեսզի իրականանա այն սցենարը կամ գոնե իրականությանը մոտ թվա, որ ընտրությունները կեղծվել են, որովհետև հետընտրական զարգացումների ինչ-որ ծրագիր կա, և հասարակությունը պետք է պատրաստ լինի ինքն իրեն պաշտպանել սրանից։

«Եթե նորից փորձելու են երկիրը ապակայունացնել՝ մենք պետք է բոլորս ինքնապաշտպանվենք և նախապես պատկերացնենք, որ այսպիսի սցենար կարող է տեղի ունենալ և փորձենք պատրաստ լինել։ Եվ մի բան էլ, ցավոք սրտի, ինձ թվում է, որ միգուցե սրանք վերջին արտահերթ ընտրությունները չլինեն, բայց տեսնենք՝ միգուցե սխալվում եմ»,- եզրափակեց Տեր-Աբրահամյանը։
 
Վովա Հակոբյան