Հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Լավրովի հայտարարության

Քաղաքականություն
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին
«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։
Ավելին՝ կառավարությունը ռուսական կողմին առաջարկել է պարզաբանել, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի, ոտնձգությունների ու շփման գծի վրա ռազմական գործողությունների հնարավոր դեպքերի պարագայում ինչպե՞ս պետք է արձագանքի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը։
Եվ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների միակ և գլխավոր խնդիրը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանումն է, այլ ոչ թե դիտորդի կարգավիճակում Ադրբեջանի կողմից սանձազերծված հրադադարի խախտման դեպքերի պոստ սկրիպտում արված արձանագրումները։
Հիշեցնենք նաև, որ Civic.am-ը անդրադարձել էր թեմային իր՝ «Հայաստանը դեռևս 2021 թվականին պաշտոնական նամակով դիմել է ՌԴ-ին խաղաղապահների հարցով» վերտառությամբ հրապարակման մեջ։