Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ի համար Հայաստանի թուլացումը և ռուսական զինուժի տեղակայումն Արցախում կարող է դիտարկվել որպես ժամանակավոր երևույթ»․ Արման Մելիքյան

«ԱՄՆ-ի համար Հայաստանի թուլացումը և ռուսական զինուժի տեղակայումն Արցախում կարող է դիտարկվել որպես ժամանակավոր երևույթ»․ Արման Մելիքյան
Քաղաքականություն
12:45, 03 апрель 2021
Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պարո՛ն Մելիքյան, պատերազմից հետո Մինսկի խմբի արդյունավետ գործունեությունը իրական համարու՞մ եք, հաշվի առնելով նաև այն փաստը, որ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը պատերազմից ամիսներ առաջ ասում էին` չկան առարկայական բանակցություններ ԼՂ հակամարտության շուրջ: 

-Բանակցային գործընթացում նախկինում ևս տևական դադարներ եղել են: Քի Վեսթում հայր Ալիևի կողմից նախապես բանակցված և համաձայնեցված կարգավորման փաստաթղթի ստորագրումը տապալելուց հետո մի քանի տարի անցավ, մինչև 2007 թվականի տարեմուտին Մադրիդյան սկզբունքների ի հայտ գալը և դրանց հիման վրա բանակցությունների վերսկսումը: Այդուհանդերձ նման դադարները լայնածավալ պատերազմ սանձազերծելու առիթ չեն եղել ու պատճառը շատ պարզ էր՝ Ադրբեջանը պատրաստ չէր երաշխավորված հաղթական պատերազմի, իսկ միջնորդներն էլ, գուցե, ավելի հաստատակամ էին այդօրինակ պատերազմը կանխելու հարցում:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի խոսքով` «Լավրովի պլանը», այսպես ասած, զուտ թուղթ է եղել, և եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեին այդ պլանին, ապա Ռուսաստանը դեմ էր լինելու: Ինչո՞ւ էր Ռուսաստանին պետք անիրական պլան մշակել ԼՂ-ի հակամարտությունը լուծելու հարցում:

-Դեսպան Հոգլանդին ռուսաստանցի համանախագահ Պոպովն է ասել, որ «Լավրովի պլանը» չի իրականացվելու, բայց, անկեղծ ասած, պարոն Պոպովն այն տրամաչափի պետական գործիչը չէ, որը կարող էր այս հարցում կոմպետենտ համարվել և որի ասածները պետք է ընդունվեն որպես բացառիկ ճշմարտություն: Այն, որ ռուսները կարող են հենց այս սցենարով գործել՝ կանխատեսված է եղել դեռևս 2016-2017 թվականներին:

-Որ երկրներին է ձեռնտու Մինսկի խմբի գործունեությունը: Ի՞նչ արդյունքի են ուզում հասնել, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

-Այստեղ կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց իմ տեսանկյունից առավել հավանական է, որ նրանց նպատակները միանգամայն տարբեր են: Ռուսաստանի համար կարևոր էր իր ռազմական ներկայությունը հաստատել պաշտոնական Բաքվի կողմից իր տարածքը համարվող Արցախում, Ֆրանսիան սկզբունքորեն դժվար թե դեմ լինի, որ ռուսներն իրենց զինուժն ունենան Արցախում, սակայն կնախընտրեին, որ դա տեղի չունենար Հայաստանի ռազմական ու քաղաքական բացառիկ թուլացման հաշվին: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա վերջինիս համար Հայաստանի թուլացումը և ռուսական զինուժի տեղակայումն Արցախում կարող են դիտարկվել որպես ժամանակավոր երևույթ, իսկ կատարվածի հիմնական արդյունքն այն է, որ Հայաստանի թուլացումն էապես խոցելի ենդարձնում Իրանի հյուսիսային շրջանները:

-Կա՞ն տարածքային նկրտումներ և ԼՂ-ի սահմաններում դերակատարում ունենալու խնդիր այդ երկրների կողմից:

-ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասում ունի բացառապես աշխարհաքաղաքական համատեքստ և սպասարկում է նրանց ռազմավարական շահերը շատ լայն ընդգրկումով:

-Դուք տեղյա՞կ եք  երբ է հրապարակվել «Լավրովի պլանը» և ինչ դիրքորոշում է ունեցել հայկական կողմն այդ պլանի վերաբերյալ:

-Ինձ հայտնի չէ, որ նման փաստաթուղթ է հրապարակվել՝ այն հանրությանը հայտնի է դարձել, այսպես ասած, տեղեկատվության տարածման «բանավոր-բանահյուսական» ժանրի կիրառման շնորհիվ: Հայաստանում, ընդհանուր առմամբ, այդ պլանին վերաբերվող տեղեկատվական արտահոսքերը խիստ բացասական արձագանքի են արժանացել այն ժամանակ:

-Որ երկրներին է ձեռնտու, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի տիրապետության տակ:

-Դա ձեռնտու է գերազանցապես բոլոր այն երկրներին, որոնք ազգային-անկախական շարժումների ակտիվ գործունեությունից կամ դրանց առաջացման հեռանկարից վախենալու առարկայական հիմքեր ունեն: Բացի այդ, կան պետություններ, որոնց համար Արցախի անկախության ճանաչումը կամ Հայաստանի հետ վերամիավորումը կարող են Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղվելու վտանգ պարունակեն:

-Արդյոք պատերա՞զմն է ԼՂ-ի հարցի վերջնական լուծումը:

-Ինչպիսի արդյունք էլ գրանցվի պատերազմական գործողությունների ընթացքում, հարցի վերջնական լուծում կարձանագրվի միայն այն դեպքում, երբ նաև քաղաքական մակարդակում բոլոր առկա հարցերը կհամաձայնեցվեն և իրավական ձևակերպում կստանան:
 

Նարա Մարտիրոսյան