Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ընդհուպ կարող է գործարկել նաև Հայաստանի ՀՕՊ համակարգերը՝ Արցախի երկինքը փակելու ու պաշտպանելու համար, բայց ի՞նչ տեսանք օգոստոսի առաջին օրերին․ Ստյոպա Սաֆարյան

Ռուսաստանը ընդհուպ կարող է գործարկել նաև Հայաստանի ՀՕՊ համակարգերը՝ Արցախի երկինքը փակելու ու պաշտպանելու համար, բայց ի՞նչ տեսանք օգոստոսի առաջին օրերին․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
11:33, 06 август 2022
Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են' մեկ անգամ էլ հայտնենք, որ Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հատկապես ռազմական ավիացիայի առումով. ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։


«Եվ ըստ էության, Արցախում հրադադարի խախտման մշտադիտարկում առանձին անում է Ռուսաստանը, սակայն դրանից բացի նա համատեղ մշտադիտարկում է Թուրքիայի հետ միասին՝ Աղդամի կենտրոնում։ Հայաստանի ՀՕՊ-ը 2016-ից միացյալ է ռուսականի հետ, ավելին' ՀԱՊԿ-ի ֆորմատով կրում է «կովկասյան ուղղություն» անվանումը: Այսինքն՝ առկա մեխանիզմներով Ռուսաստանը ընդհուպ կարող է գործարկել նաև Հայաստանի ՀՕՊ համակարգերը կովկասյան ուղղության Արցախի երկինքը փակելու ու պաշտպանելու համար։ Այն երկինքը, որն առնվազն գտնվում է Արցախի ռուսական պատասխանատվության գոտու շփման գծի վրա տեղակայված Արցախի ՊԲ դիրքերի գլխավերևում, թեպետ այդ համակարգերը կարող են նաև կանխարգելիչ ու վաղօրոք վերացնել նաև այն թռչող օբյեկտները, որոնք ավելի հեռվից' ադրբեջանական վերահսկողության գոտուց ակնհայտորեն գալիս մոտենում կամ ներխուժում են Արցախի երկինք... Ռուսաստանի օդային ուժերն է, որ կրում են օդա-տիեզերական ուժեր անվանումը ի դեմս նաև երկրի ուղեծիր դուրս բերված ռազմական-հետախուզական արբանյակների... Այս ամենը' համառոտ առկա մշտադիտարկման ու վաղ կանխարգելման մեխանիզմների ու հնարավորությունների մասին...

Բայց ի՞նչ տեսանք օգոստոսի առաջին օրերին. թուրքական հետախուզական ԱԹՍ-ներն ու հարվածային բայրաքթարները անարգել հատում են ռուսական պատասխանատվության գոտին, հարվածում Արցախի ՊԲ դիրքերին, պատճառում մահեր ու երկու տասնյակ վիրավորներ... Ադրբեջանն այդպիսի 3 տեսանյութ է հրապարակել, վստահ լինելով, որ անպատիժ է մնալու...
Եվ ի՞նչ է հաջորդում. որոշ հայեր սկսում են սլաքը շեղել իրական պատասխանատուից ու անմեղ դեմքով հռետորական հարց են տալիս. իսկ ո՞ւր էր հայոց փառաբանված սպուտնիկը, ինչո՞ւ նրա տվյալները չփոխանցվեցին ռուս խաղաղապահական կենտրոնին, որպեսզի վերջինս Արցախի օդային տարածքը պաշտպաներ։ Մի խոսքով, ըստ նրանց, կրկին մեղավոր են Հայաստանը, հայերը, Նիկոլ Փաշինյանը, բոլորը, բայց ոչ նա, ով իր տրամադրության տակ ամեն ինչ ունի...

Տղաներ և աղջիկներ, դուք լուրջ մտածում եք, թե մուտիտը նույն քաղաքականությունն է կամ նույն փորձագիտությո՞ւնն է։ Որ Հայաստանում այլ հասկացողներ չկա՞ն։ Բա ինչո՞ւ ձեր տված հարցերից ոչ մեկ հետևյալի մասին չեն․ 

-Ո՞ւր է ոչ թռիչքային գոտին։ 

-Ո՞ւր են ռուս-թուրքական մշտադիտարկման արդյունքները, մանավանդ որ դիտարկողներից մեկը հենց ԱԹՍ արտադրող երկիրն է ու իր վաճառած ցանկացած ԱԹՍ-ի ու բայրաքթարի սերիան, կոդն ունի ու գիտի, թե որը որտեղ է օգտագործվում։
-Ո՞ւր են Ռուսաստանի արբանյակային հանրույթի տվյալները, մանավանդ որ դրանք, ձեր ասած, ուսումնական խաղալիքը չեն, ինչպես հեգնում էիք Հայաստանի առաջին արբանյակին։ 
-Ո՞ւր են Արցախի երկնքի փակման մեխանիզմներից հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը։
Անհարմար հարցե՞ր են։ Նման չե՞ն ձեր հարցին։ Ցավեցնո՞ւմ են ինչ-որ սուրբ տեղեր։ Ոչինչ։ Ավելի անհարմար ու ամոթալի է իրական պատասխանատուի մասին խոսելու փոխարեն ցեխը սեփական երկրի վրա շպրտելը...Ու սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ»...