Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի ու Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ 

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը:

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։