Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չկան ՀՀ զինծառայողներ, բայց Արցախի պաշտպանության բանակը կա, կլինի այնքան, քանի դեռ Արցախի ժողովուրդը Արցախում է

Չկան ՀՀ զինծառայողներ, բայց Արցախի պաշտպանության բանակը կա, կլինի այնքան, քանի դեռ Արցախի ժողովուրդը  Արցախում է
Քաղաքականություն
14:17, 06 август 2022
Նախօրեին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությանը․«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է  Լեռնային  Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասին, թե ինչու են  նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը՝ ԼՂ պաշտպանության  բանակը, կարծում  եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա, նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ  Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատն ու շարունակաբար խախտում է  եռակողմ հայտարարության դրույթները, այդ  թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին»։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը․«Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա», -հավելեց վարչապետը։
Մինչդեռ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հարցազրույցում նշել էր․«Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նշեց, որ կասկածի տակ չի կարող դնել վարչապետի խոսքերը․

«Չկան ՀՀ զինծառայողներ, բայց Արցախի պաշտպանության բանակը կա, եղել է ու կլինի այնքան, քանի դեռ Արցախի ժողովուրդը կա Արցախում, իսկ Արցախի պաշտպանության բանակը հանդիսանում է անվտանգության երաշխավորը։ Կարևոր է խաղաղապահների գործունեությունը, բայց միաժամանակ մենք պետք է մեր գործընկերների հետ ճիշտ աշխատանք կատարենք, պաշտպանության բանակի կատարելագործումը հասցնենք բավարար աստիճանի։ Պետք է համապատասխան աշխատանք, քաղաքական կամք։ Պետք է թե՛ ՀՀ և թե՛ Արցախի իշխանությունները կամք դրսևորենք, առաջարկներով հանդես գանք, փակագծեր չեմ բացելու, բայց հետագայում ավելի կոնկրետ կխոսենք մեր առաջարկների և իրականացված աշխատանքների մասին»,-ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է  ուժի պարտադրման մեթոդով ինչ-որ պայմաններ թելադրել, ինչն անթույլատրելի է․ «Ադրբեջանի նպատակն է Արցախի հայաթափելու և վերցնելու և որպես օրինակ մի քանի հայ պահելու, բայց մենք թույլ չենք տալու, ամեն բան պետք է անենք, որ Ադրբեջանը իր նպատակին չհասնի»,-հավելեց նա։