Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշնանը ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան ՀՀ 18 համայնքներում. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել թեկնածուների ընտրական գրավի չափի, համայնքներում ընտրողների թվի մասին

Աշնանը ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան ՀՀ 18 համայնքներում. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել թեկնածուների ընտրական գրավի չափի, համայնքներում ընտրողների թվի մասին
Քաղաքականություն
12:07, 09 август 2022
Սեպտեմբերի 25-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, այս մասին Civic.am-ը տեղեկացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում։  Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի Ալագյազ համայնքում։    
ԿԸՀ-ն հրապարակել է տեղեկատվություն ըստ համայնքների՝ ՏԻՄ ընտրություններին գրավի չափի, համայնքի ավագանու անդամների և համամասնական ընտրակարգով համայնքներում ավագանու անդամների թվի վերաբերյալ։ Մասնավորապես, 26 հազար 695 ընտրող ունեցող  Թալին համայնքում ավագանու անդամների թիվը 27 է, թեկնածուի գրավի գումարի չափը՝ 1 մլն դրամ։ 6 հազար 112 ընտրող ունեցող Քաջարան համայնքում ավագանու անդամների թիվը 15 է, թեկնածուի  գրավի չափը՝ 200 հազար դրամ, 22 հազար 454 ընտրող ունեցող Տավուշի Բերդ համայնքում ավագանու անդամների թիվը 21 է, գրավի չափը՝ 500 հազար դրամ։  2 հազար 672 ընտրող ունեցող Ալագյազ համայնքում  էլ  ավագանու անդամների թիվը 9 է, համայնքի ղեկավարի թեկնածուի գրավի չափը 100  հազար դրամ է, ավագանու անդամի թեկնածուի գրավի չափը՝ 15 հազար դրամ։ 

ԿԸՀ-ն հրապարակել է նաև ՀՀ ոստիկանության կողմից 27.07.2022 թ դրությամբ ներկայացված՝ վերոհիշյալ բոլոր համայնքներում ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք: 

Նշենք, որ համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ ԿԸՀ ժամանակացույցի, պետք է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնեն օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը, ժամը 18։00-ը։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ի ժամը  18։00-ը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։

Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ից և տևելու է մինչև սեպտեմբերի 23-ը։   

Ե. Ազատյան